Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ 2012թ. փետրվարի 17-19 Երևանում տեղի ունեցավ բանավեճի ինտերակտիվ դասընթացի առաջին փուլը, որին մասնակցեցին շուրջ 50 ուսանող և դասախոսներ` Հայաստանի տարբեր բուհերից: Միջազգային բանավեճի կրթության ասոցիացիայից ժամանած դասախոսները դասընթացի մասնակիցներին ծանոթացրեցին բանավեճի հիմունքներին, դրա բաղկացուցիչ մասերին, բանավեճի ակումբներ ստեղծելու և մրցաշարեր կազմակերպելու նրբություներին, ուսումնական պրոցեսում բանավեճի օգտագործման հմտություններին և դրա առավելություններին:
Դասընթացը բաղկացած է 3 փուլից` երկու առերես և մեկ առցանց: Մնացած 2 փուլերն կանցկացվեն մարտ-ապրիլ ամիսներին:
Ներկայումս բուհերում և տարբեր կազմակերպությունների շրջանում գործում են բանավեճի խմբակներ, սակայն դրանց գործունեությունը համակարգված չէ, չկա ակտիվ ուսուցանում և երիտասարդների ներգրավվածություն այս գործում:
Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի գրասենյակը փորձում է խթանել բանավեճի զարգացման գործընթացը և ապահովել դրա հետագա զարգացումը: Եվ այս դասընթացը Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի գրասենյակի կազմակերպած միակ դասընթացը չէ: Այս ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում: Գրասենյակը կազմակերպում է ճամբարներ և թրեյնինգներ: Հունարի 26-ից փետրվարի 6-ը ճամբար իրականացվեց Աղվերանում, որտեղ շուրջ 40 երիտասարդ 10 օր շարունակ ինտերակտիվ դասերի շնորհիվ ստացան գիտելիքներ բանավեճի և լրատվական տեխնոլոգիաների ոլորտներում: «Մեր նպատակը ակտիվ երիտասարդություն ստեղծելն է: Մենք արդեն ունենք որոշակի ձեռքբերումներ: Ներկայումս կան 9 դպրոցներում գործող բանավեճի ակումբներ, փորձում ենք խթանել համալսարանական խմբերի ստեղծմանը ու պատրաստ ենք աջակցել բոլոր նախաձեռնություններին»,- ասում է Բաց հասարակություն հիմնադրամների հայաստանյան գրասենյակի աշխատակից, Ազգային կրթություն/Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու Լուսինե Գեղամյանը»:
Տաթեւիկ Մինասյան