Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանը ողջունեց «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» համագործակցությունը

Մարտ 02,2012 18:58

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարին հրավիրյալի կարգավիճակով ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը: Համագումարի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասաց, թե առաջինն ինչ ուզում է անել, դա վերջին տարիների գործունեության համար «Ժառանգություն» կուսակցությանը շնորհակալություն հայտնելն է: «Մեր հասարակության մեծ մասի, այդ թվում՝ եւ ինձ համար, «Ժառանգության» գործունեությունը առանձնապես տեսանելի դարձավ 5 տարի առաջ ԱԺ-ում նրա տեղ գրավելուց հետո եւ, ի ուրախություն մեզ բոլորիս, «Ժառանգության» պատգամավորները աչքի ընկան ոչ միայն ակտիվ եւ նախաձեռնող խորհրդարանական գործունեությամբ, այլեւ քաղաքացիական սկզբունքային ու ազնիվ դիրքորոշմամբ, ճնշվող եւ հալածվող քաղաքացիների շահերի անվարան պաշպանությամբ, երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմի կատարած ապօրինությունների դեմ պայքարով: Նշածս բոլոր հատկանիշները ամենավճռական ձեւով դրսեւվորվեցին արդեն 4 տարվա վաղեմություն ունեցող, բայց մինչ այժմ բաց վերքի պես արնածորող,  մարտիմեկյան դեպքերի հետ կապված:  Թե՛ որպես վայրագ հարձակման ու գնդակոծման ենթարկված խաղաղ ցույցի մասնակից, թե՛ որպես նախկին քաղբանտարկյալ եւ թե՛ որպես  հետագայում ձեւավորված «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անդամ՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր կուսակիցներին` իրենց  արդար, սկզբունքային դիրքորոշման եւ անձնվեր գործունեության համար»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նա բարձրաձայնեց իր՝  նոր գումարման ԱԺ-ում  «Ժառանգության» էլ ավելի ծանրակշիռ ներկայությունը տեսնելու ցանկության մասին: «Գաղտնիք չէ, որ ես, ինչպես եւ շատ-շատերը մեր երկրում, ողբերգական եւ կործանիչ համարելով մեր հայրենիքի ներկա անազատ վիճակը եւ անփառունակ ընթացքը, տենչում ենք արագ, հեղափոխական փոփոխությունների մեր երկրում: Ցավոք սրտի, շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը, կարծես թե, բաց է թողնված եւ այս պահին ստիպված ենք վերադառնալու դանդաղ, էվոլյուցիոն զարգացման տարբերակին, ինչը ենթադրում է ոչ պակաս համառ պայքար հանուն ազատականության ու ժողովրդավարության մեր ընդհանուր գաղափարները կյանքի կոչելու, հանուն մեր գաղափարակիրների կշիռը խորհրդարանում ավելացնելու: Այս առումով ինձ համար միանշանակ ողջունելի է «Ժառանգության» սկսած համագործակցությունը մեկ այլ ազատական ուժի` նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնվի եւ շատերի համար սպասելի ազատական նախընտրական դաշինքը կկայանա ու համախոհներին չեք կանգնեցնի ծանր երկընտրանքի առջեւ»,- հույս հայտնեց անկուսակցական Ռուբինյանը՝ հաջողություն մաղթելով բոլորին՝ ազատական արժեքները Հայաստանում «շուտափույթ արմատավորելու գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031