Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք չէ՞ ստեր փչեք ու երգեք»

Մարտ 02,2012 19:02

Իր դեմ ցուցմունք տվող գրեթե բոլոր վկաներին այսօր այսպես էր հակադարձում Գյումրու ՀԱԿ ակտիվիստներից մեկը`  ազատամարտիկ Ժորա Աթոյանը, որը մի քանի ամիս է` դատվում է խարդախություն կատարելու` կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, բնակարան ձեռք բերելու ու այսպիսով պետությանը 8 մլն 733 հազար 879 դրամի վնաս պատճառելու մեջ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռ  քննվում է այն հարցը, թե Արցախի պատերազմի  մասնակից  Ժորա Աթոյանը իսկապես կոնտուզիա՞ է ստացել, թե՞ «սիմուլյանտություն» է  անում: Այսօր դատարան էին հրավիրվել 8 վկաներ`չորսը պետական մեղադրող Հարություն Հարությունյանի, չորսն էլ Ժորա Աթոյանի  միջնորդությամբ:

Դատարանն առաջինը լսեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ազգականին` Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանին, որը թեև կռվել էր «Մասիսի» գումարտակում, սակայն չէր ճանաչում Ժորա Աթոյանին: Նա պնդում էր, որ իրենց գումարտակում այդպիսի  անուն-ազգանունով մարդ չի եղել, որին ի պատասխան ամբաստանյալը տեղից գոռում էր . «Հերիք չէ՞ ստեր փչես ու երգես, եթե մենք իրար չենք հանդիպել Ղարաբաղում, իմ մեղքը ո՞րն է»: Բանը հասավ նրան, որ մեկը մյուսին կոռեկտության դասեր էր տալիս:

Սակայն այս վկային դեռ չճանապարհած` մի «կրկես» սկսվեց դատարանում: Պետական մեղադրողի հրավերով դատարան ներկայացավ Նուբարաշենում որպես պահակ աշխատող, բաքվեցի Վյաչեսլավ Ներսիսյանը, ով բացարձակապես հայերեն չէր հասկանում: Վերջինս ասաց, որ ինքը եղել է  Հակոբ կամարի  բարձրունքներում, սակայն մարտի դաշտում  ֆուտբոլ է  խաղացել, հանգիստ անցկացրել: Դատավոր Մարտին Սարոյանի այն հարցին, թե ճանաչու՞մ  է իրենց գումարտակում եղած գյումրեցիներին, վկան  տեղեկացրեց, որ իրենց գումարտակից գյումրեցիները փախել են, որն էլ հարուցեց դատին մասնակցող ՀԱԿ- ակտիվիստների զայրույթը: Վերջիննես մի մարդու պես դուրս եկան դատարանի դահլիճից` դատախազին մեղադրելով կռված տղաների անունը վարկաբեկելու, դատը շուոի վերածելու մեջ:

Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանը ասաց  դատախազին. «Սա հաստատ պատվեր է, էս կարգի մարդկանց բերել եք կռված տղեքին փչացնելու համա՞ր,  հա՞»: Մեկ այլ ընդդիմադիր էլ սրտնեղեց, թե գնդակ զարկողին կռված մարդու տեղ բերում, կեղծ ցուցմունքներ  եք կորզո՞ւմ: Ժորա Աթոյանի շահերը պաշտպանող փաստաբան Աննա Դավթյանն էլ  այդ վկայից հետաքրքվեց, թե նա ի՞նչ էր անում կռվի դաշտում` ո՞ր գումարտակում է եղել, ո՞ր թվականին: Վկան բորբոքվեց, թե «ինձ նառիժատ է անում»: «Ի՞նչ արի, որ նառիժատ արի, հարցնում եմ, որովհետեւ հրամանագրքի մեջ չկա նրա անուն-ազգանունը որպես պատերազմի մասնակցի»,-մեկնաբանեց  փաստաբանը:

Այնուհետ վկայություն տվեցին Ժորա Աթոյանի հրավիրած վկաները, որոնք միաբերան պնդում էին, որ իրենք ականտես են եղել, թե ինչպես է  Աթոյանը ականի պայթյունից վիրավորվել Հակոբ Կամարի բարձրունքներում: Հետաքրքիրն  այն է , որ  Ժորա Աթոյանի  միջնորդությամբ որպես վկա հրավիրվել  էր նաև հենասալյակով շարժվող Լյովա Հարությունյանը, որի դեմ նույնպես քրեական գործ է  հարուցված փաստաթղթեր կեղծելու ու զինվորական թոշակ ստանալու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031