Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պատրաստ եմ ամենաանհավասար պայմաններում պայքարի»

Մարտ 02,2012 18:35

«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարն ընդունեց «Նոր Հայաստանի բանաձեւը», որում որոշեց «կոչով դիմել ազգայինժողովրդավարական ուժերին եւ քաղաքացիական ողջ հանրությանը՝ կատարելու համարձակ եւ համատեղ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ՝ օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները՝ ընտրությունից մինչեւ հրապարակային միասնություն: Ողջունել «Ժառանգության» հեռանկարային համագործակցությունը քաղաքացիական եւ քաղաքական գործընկերների հետ եւ քաջալերել սույն բանաձեւի գնահատականների ու լուծումների հիման վրա էական համերաշխության կենսակոչումը: Լիազորել վարչության նախագահին՝ խորհրդարանական ընտրություններից հետո հրավիրելու կուսակցության հերթական համագումարը՝ ղեկավար մարմինների ձեւավորման եւ օրախնդիր այլ հարցերով»: Այսպիսով, ոչ համագումարում հնչած ելույթներում եւ ոչ էլ ընդունված բանաձեւում «Ժառանգությունը» որեւէ կերպ չանդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին այդ կուսակցության մասնակցության հնարավոր ձեւաչափին, առավել եւս որեւէ քաղաքական ուժի հետ հնարավոր դաշինք կազմելու խնդրին:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հակառակ շատերի ակնկալիքներին, կուսակցությունը չհստակեցրեց իր՝ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այս հարցը կորոշվի կուսակցության մարտի 18-ին կայանալիք խորհրդի նիստում:

Իսկ հնարավո՞ր է, որ ինքը նաեւ մեծամասնական ընտրակարգով մասնակցի ԱԺ ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հավատացեք, որ կուսակցությունում համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով մեր մասնակցության վերաբերյալ որեւէ քննարկում, դիտարկում մինչեւ հիմա չի եղել: Հիմա մտնում ենք այդ շրջան, եւ խորհուրդն իր որոշումը կտա»:

Այդուհանդերձ, փորձեցինք համառել՝ նկատի ունենալով շրջանառվող շշուկները, ըստ որոնց՝ հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի Արագածոտնի ընտրատարածքներից մեկում՝ Թալինում, որտեղ առաջադրվել էր նաեւ 2007-ին: Ի՞նչ մտադրություններ ունի անձամբ ինքը: «Ինչ որ խորհուրդը որոշի՝ ես պատրաստ եմ: Անգամ պատրաստ եմ ամենաանհավասար պայմաններում պայքարի եւ մասնակցության: Բայց խորհուրդը պետք է որոշի՝ իմ տեղն ու դերը որտեղ է»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031