Պատն առաջ էր շարժվում եւ փոշու ամպը մեծանում էր: Պատի մոտ հավաքված տղաները սարսափելի վախեցած այս ու այն կողմ էին վազվզում, չէին հասկանում ,թե ինչ է պատահել: Իսկ Պատը, որ արդեն ազատվել էր կապանքներից, կամաց-կամաց առաջ էր շարժվում իր հետ տանելով տարիներով հավաքված փոշին ու կեղտը: Բայց Պատը դրանք չէր պատրաստվում մինչեւ վերջ տանել իր հետ, իր համար նոր ճանապարհին էր թողնում քար ու փոշի, կեղտ ու աղբ: Պատը հեռանում էր: Ոչ ոք չէր հասկանում թե ինչպես, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու: Պատը որոշել էր եւ հեռանում էր: Հարցնող չեղավ` ո՞ւր է գնում, ինչու է գնում եւ կվերադառնա ՞ արդյոք:
Պատը հեռանում էր եւ այդ հեռացումն արդեն տեսանելի էր:
Օրը բացվել էր, մարդիկ շտապում էին աշխատանքի եւ այլ տեղեր եւ բոլորն արդեն օրը ցերեկով տեսնում էին, թե ինչպես է Պատը հեռանում:
Մի պահ կանգնում էին, նայում Պատի ետեւից եւ գնում էին իրենց բանին: Պատը հեռանում էր եւ մարդիկ, նայելով նրա ետեւից հոգոց էին քաշում` երանի Պատին:
Ոչ մեկի մտքով չանցավ հարց տալ՝ միթե՞ դա հնարավոր է, միթե՞ պատերը հեռանալու սովորություն ունեն, արդյո՞ք նրանք կայուն չեն, ցեմենտված չեն, դատապարտված չեն: Ոչ ոք այս հարցերը չհնչեցրեց, անգամ ալարեցին մտածել: Մարդիկ իրենց մտքերն ունեին, միշտ շարժուն եւ անմիտ եւ ոչ մեկին չհուզեց այս աննախադեպ իրողությունը: Պատը իր դանդաղ բայց արդեն հաստատուն ընթացքի մեջ հասցրեց մտածել` կարեւորը մտքով հեռանալն է, իսկ մնացածը կստացվի ինքն իրեն:Քանի որ միշտ էլ կգտնվի մեկը, ով իր անկրթության պատճառով մի օր կորոշի սիրտը թափել ուղիղ քո ոտքերի տակ, կամ` ուղիղ քեզ վրա եւ դա կլինի վերջին խթանը` դու վայրի ձիու պես կպոկվես ինքդ քեզից ու կվազես առաջ:
Պատը մտքում վազեց այնքան,մինչեւ հոգնեց, ոտքերը ծալվեցին եւ սիրտը դուրս եկավ տեղից:
Վազքի մեջ Պատը այնքան էլ լավ չհասկացավ թե ում վրա թափվեց իր հոգնած, զզված եւ զզվելի սիրտը:
Հատված իմ <Պատը> պատմվածքից, որը ներկայացրել էի <Արձակ 2011-ին> եւ որը չի հաղթել:
Գրված է 2009-ի ամռանը: