Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններն անհրաժեշտ է ընդլայնել». ուսումնասիրություն

Մարտ 02,2012 17:57

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսի կողմից հրապարակվել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ծավալուն մի ուսումնասիրություն, որը նպատակ է հետապնդել պատասխաններ երկու՝ «Ինչու՞ են տապալվել արձանագրությունները» և «Ի՞նչ է անհրաժեշտ անել ապագայում» հարցերին:

Հարվարդի համալսարանի կողմից տպագրված «Դիվանագիտական պատմություն. հայ-թուրքական արձանագրությունները» անվանումը կրող ուսումնասիրությունը, «Հուրիեթ» պարբերական վկայությամբ, ներկայացվել և քննարկվել է Միացյալ Նահանգների արտգործնախարարության և Կոնգրեսի հատուկ նստաշրջանի ընթացքում:

Ուսումնասիրության հիմքում, ըստ պարբերականի, ընկած են արձանագրությունների մշակմանն անձնական մասնակցություն ունեցած Հայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների դիվանագետների հետ վարված հարցազրույցները:

Ըստ ուսումնասիրության, բանաձևերի մշակման գործընթացում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «հերոսի» դերակատարություն ունեն, քանի որ նրանք են 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած ֆուտբոլային հանդիպման արդյունքում մեկնարկել գործընթացը: Սակայն, ի տարբերություն Գյուլին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշվել է որպես բանաձևերի ձախողման համար՝ Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով Արցախյան հակամարտության լուծումը որպես նախապայման դնելու պատասխանատվություն կրող քաղաքական գործիչ:

Ուսումնասիրության համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրությունների ձախողման համար պատասխանատվություն են կրում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «արձանագրությունների կնքման փաստին չափազանց սուր բացասական արձագանք տալու», Հայաստանի իշխանությունները՝ «արձանագրությունների մասին տեղեկությունները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրից ընդամենը երկու օր առաջ և ոչ թափանցիկ եղանակով ներկայացնելու», ինչպես նաև Օբամայի վարչակազմը՝ «զարգացումները պատշաճ եղանակով կառավարել չկարողանալու» պատճառով:

Ուսումնասիրության հեղինակները, պատասխանելով «Ի՞նչ է անհրաժեշտ անել ապագայում» հարցին, առաջարկել են ավիաթռիչքներ սկսել Երևանի և Վանի միջև, վերանորոգել և բացել Անիի կամուրջը, թույլատրել էլեկտրաէներգիայի վաճառքը երկու պետությունների միջև, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը մինչև Երևան: Առաջարկվել է նաև հիմնադրել միջազգային արխիվներում ուսումնասիրություններ կատարող համատեղ հանձնաժողով, կազմել վերականգման ենթակա պատմական հուշարձանների մի ցանկ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մշակել 1915 թվականին հայերին օգնություն տրամադրած թուրքերին նվիրված մի ցուցասրահ:

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսի կողմից հրապարակված այս ուսումնասիրությունը, որի արդյունքում մշակված խորհուրդները պարտադիր ուժ չունեն, դեռևս պետք է ուսումնասիրվի ԱՄՆ-ի արտգործնախարարության և հավանության արժանանան ԱՄՆ-ի Սենատի կողմից: Ուսումնասիրության մեջ ներկայացված որոշ խորհուրդներ հետագայում կարող են ներառվել պետական մակարդակով իրականացվող քաղաքականության մեջ:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031