Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը պատրաստվում է պաշտոնի դնել իր բարեկամուհուն

Մարտ 02,2012 17:29

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը

Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 32 դպրոցի 5 տարվա տնօրեն Գայանե Մելոյանը: Թեև այս տիկինը մարզային իշխանությունների հետ որևէ խնդիր չուներ, լինելով Հանրապետական` ամեն կերպ վայելում էր այդ կուսակցության հովանավորությունը, սակայն պատրաստվում է ընդմիշտ լքել հանրապետությունը, բնակության մեկնել Մոսկվա՝ իր ամուսնու մոտ:

Մեզ հասած տեղեկություններով, նրա փոխարեն պատրաստվում են տնօրեն կարգել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհուն` Արմինե Սուքիասյան ազգանունով ԲՀԿ-ական մի տիկնոջ, որին թիվ 32 դպրոցում ոչ մեկը չի ճանաչում:

Նշենք, որ այս կրթօջախում աշխատելն այնքան էլ հեշտ չէ, կարելի է ասել՝ ռիսկի հարց է, այն տարիներ շարունակ եղել է մեր, ոստիկանության և շտապօգնության ուշադրության կենտրոնում: Նախկին տնօրենի` մանկագիր Հակոբ Մուշի օրոք այստեղ կոլեկտիվը «իրար միս էր ուտում», ընդհուպ մինչև սեպետեմբերի 1-ին, նոր ուսումնական տարի նշելու փոխարեն, ուսուցիչների մեծ մասը հացադուլ էր հայտարարում` պահանջելով Մուշի հրաժարականը:

Վիճակը փոքր-ինչ մեղմվեց նոր տնօրենի օրոք: Սակայն այժմ կոլեկտիվը դարձյալ սթրեսային իրավիճակում է, սպասում է, թե հիմա ու°մ են տնօրեն կարգելու:

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է տնօրենը հրաժարվում պաշտոնից, և որքանո°վ են իրականությանը համապատասխանում այն պնդումները, թե այդ աթոռը խոստացել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհուն: Սահակ Մինասյանը նախևառաջ հաստատեց մեր տեղեկությունները, որ Գայանե Մելոյանը լքում է հայրենիքը, այդ իսկ պատճառով է դիմում ներկայացրել աշխատանքից ազատման, իսկ ՊԵԿ-ի նախագահի բարեկամուհու մասով պարզաբանեց հետևյալը. «Ես իմ կադրերին ճանաչում եմ իրենց բանիմացությամբ, ինտելեկտով, մասնագիտական կենսագրությամբ, չեմ ճանաչում և չեմ էլ ուզում ճանաչել, թե ով ում բարեկամն է»:

Մարզպետարանի պաշտոնյան փոխանցեց, որ տնօրենի ժ/պ դեռևս նշանակված չէ, ամենայն հավանականությամբ՝ կնշանակեն երեքշաբթի ու վերջինս կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչև որ 2 ամսվա ընթացքում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվի:Նա ևս խոստովանեց, որ այս դպրոցում աշխատելն այքան էլ հեշտ չէ, քանի որ ժամանակին եղել են խժդժություններ, անհարթություններ:

Սահակ Մինասյանը նաև փոխանցեց, որ տնօրենի ժ/պ են առաջարկել փոխտնօրեններից մեկին, սակայն վերջինս ևս հրաժարվել է` պատճառաբանելով, որ ինքը ևս հեռանալու է հայրենիքից: Նշենք, որ այս դպրոցում հայրենիքից հեռանալը «խասյաթ» է դարձել. պաշտոնաթող լինելուն պես՝ վաղուց արդեն Եվրոպայում է բնակվում իրեն ընդդիմադիր համարող, մանկագիր Հակոբ Մուշը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031