Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Այսօրվանից «Facebook»-ի իմ էջը փակում եմ»

Մարտ 02,2012 17:08

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այսօրվանից «Facebook» ի իր էջը փակում է: Անդրադառնալով «Facebook»-ում տեղ գտած որոշ հրապարակումներին վերաբերող հարցին` Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Հենց այս դահլիճում էր, որ ինձանից պահանջեցիք «Facebook»-ում էջ բացել, որպեսզի դուք` լրագրողներդ, ֆուտբոլասերները եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինձ հարց տալու եւ պատասխան ստանալու հնարավորություն ունենա: Ես այդպես էլ արել եմ: Բայց այնպիսի մարդիկ կան, որոնք իմ հասցեին հերյուրանքներ են տարածում` գրելով, իբրեւ թե ես միջամտում եմ մարզչի գործերին եւ ինքս եմ որոշում, թե ով պետք է խաղա, ով` ոչ: Այդ մարդիկ մինչեւ հիմա չեն հասկանում, որ ես եմ այն մարդը, ով անգամ կարող է մարզիչ հեռացնել աշխատանքից: Բայց մարզիչն ազատ է իր գործողություններում: Նա է որոշում, թե ում պետք է հրավիրել հավաքական, ով պետք է խաղա, ով` նստի պահեստայինների նստարանին: Նա է որոշում խաղի տակտիկան: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ես երբեւէ այդ հարցերին խառնվել եմ: Բայց ֆեդերացիայի նախագահը ես եմ: Տարիներ առաջ հավաքականի անհաջող խաղի համար բոլորն ինձ էին մեղադրում: Այո պատասխանատուն ես եմ: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ պատասխան չպետք է տամ վատ ֆուտբոլիստի, մարզչի, թիմում տիրող մթնոլորտի, այն ամենի համար, ինչը կապված է հավաքականի հետ: Եվ այո, որոշ դեպքերում ես պետք է որոշեմ, թե ով իրավունք ունի հավաքականի մարզաշապիկը կրել:

Կրկնում եմ. մարզիչն իր գործողություններում ազատ է: Կան ֆուտբոլիստներ, որոնք իմ կարծիքով չպետք է հրավիրվեն հավաքական: Բայց եթե մարզիչը պնդում է, հրավիրում ենք: Ու իմ դիրքորոշումը դեր չի կատարում: Բայց եթե ես տեսնեմ, որ մարզիչը համառորեն հրավիրում է այնպիսի ֆուտբոլիստի, որը չի համապատասխանում մեր հավաքականի այսօրվա մարզական պահանջներին, չի համապատասխանում այն փայլուն մթնոլորտին, որ այսօր ստեղծել ենք, իմ հստակ որոշումը կկայացնեմ: Ես թույլ չեմ տա, որ խոտան ֆուտբոլիստը գա հավաքական եւ մարզաշապիկը կրելով վնասի նրա հեղինակությանը: Օրինակ, Սերբիայի հավաքականի հետ խաղում ես չորս ֆուտբոլիստից դժգոհ մնացի: Բայց եթե երեքը անընդհատ պայքարի մեջ էին, բայց այս անգամ նրանց խաղը չստացվեց, ի՞նչ ասեմ Վալտեր Պողոսյանի մասին, երբ առաջին անգամ կրելով հավաքականի մարզաշապիկը, նա խուսափում էր պայքարից` ոտքն անընդհատ փախցնելով: Երիտասարդ ֆուտբոլիստը նման դեպքում, ինչպես ասում են, ինքն իրեն պետք է պատռեր: Ես նրան պոտենցիալ տաղանդավոր ֆուտբոլիստ եմ համարում: Չմիջամտե՞մ, որպեսզի նա հավաքականի կազմում Կիպրոսում մարզվելով` դաշտում պայքարից չխուսափի:

Ես երբեւէ ձեր, կամ ուրիշի գործերին չեմ միջամտել ու թույլ չեմ տա, որ ուրիշներն էլ սիրողական մակարդակով խառնվեն իմ ու հավաքականի գործերին եւ ֆուտբոլի մեր ներքին խոհանոցին անտեղյակ, սուտ լուրեր տարածելով` խանգարեն:

Եվ այսօրվա մամուլի ասուլիսը հրավիրել եմ առաջին հերթին նրա համար, որպեսզի տեղեկացնեմ. շատ լավ էր, որ ձեր խնդրանքով «Facebook»-ի էջ բացեցի, որպեսզի բոլորի հարցերին պատասխանեմ: Բայց ստացվում է, որ ես այն բացել եմ ինձ վիրավորելու համար, որ ում գլխով ինչ դատարկաբանություն անցնի՝ գրի: Դրա համար էլ հիմա հայտարարում եմ, որ այսօրվանից էջը փակում եմ»:

Ռուբեն Հայրապետյանը հանգամանալից պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին, անգամ` քաղաքական ոլորտից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031