ԱԺ առաջիկա ընտրությունները «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի համար լուրջ փորձություններ են: Այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ նախընտրական շրջանը բոլոր քաղաքական ուժերի համար նոր փուլի մեկնարկ է. «Իշխանություններն ակտիվացել են եւ վարչապետի գլխավորությամբ սկսել են շրջել մարզից մարզ ու մարդկանց բացատրել, թե ինչու 5 տարի առաջ տված խոստումներն այդպես էլ չեն իրականացել ՝ երկու անգամ կենսամակարդակի բարձրացում, արտագաղթի կանխում»:
Ի տարբերություն նախորդ տարիների ԱԺ ընտրությունների, այս ընտրությունները պարոն Մակեյանի համար առանձնահատուկ են, որովհետեւ նախորդ տարիներին մրցակցություն չի եղել. «Իսկ հիմա կա, ու իշխանություններն էլ այս ընտրություններին նախապատրաստվում են նախագահական ընտրությունների համատեքստով: Դրանով է բացատրվում, որ Սերժ Սարգսյանը գլխավորում է համամասնական ցուցակը, քաղաքական դաշտում դերակատարություն չունեցող քաղաքական գործիչներին էլ վերակենդանացնում են:Այս ընտրությունները լուրջ փորձություն են բոլորիս համար»:
Այն առնչությամբ, որ Լեւոն Տեր -Պետրոսյանը երեկվա հանրահավաքում դրական է գնահատել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ՝ պարոն Մակեյանն ասաց, որ կարծիքները կարող են տարբեր լինել. «Դրական է, նրանով, որ հասարակության աչքերը բացվում են: Մարդ, որը մարտի 1-ի խոսափողերից էր ու Քոչարյանի սպանդը իրականացնելուց հետո պաշտպանում էր արտաքին ճակատը… Հասարակությունը դրանով շահում է, որովհետեւ բացվում են փակագծերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ