Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. Գյումրիում հացի թանկացումը «մախինացիաների» արդյունք էր (Տեսանյութ)

Մարտ 02,2012 16:18

«Ո՞ւր է գնում մեր գների վիճակը եւ ո՞ւր է գնում մեր կենսամակարդակը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այսպիսի հռետորական հարց ուղղեց

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ասուլիսի հյուրերը՝

Արմեն Պողոսյանը եւ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը խոսեցին վերջին շրջանում տեղի ունեցած թանկացումներից եւ ՀՀ կառավարության՝ հարկային պարտավորությունները թեթեւացնելու մասին որոշումից, որը մասնավորապես վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին:

Պարոն Պողոսյանի կարծիքով, օրերս Գյումրիի տարածաշրջանում տեղի ունեցած հացի գնի բարձրացումը «մախինացիաների եւ մանիպուլյացիաների» արդյունք էր՝ պայմանավորված եղանակով ու փակ ճանապարհներով:

Խոսելով թանկացումներից, պարոն Պողոսյանն ասաց, որ, եթե ընդհանուր առմամբ գնաճը անցյալ տարի 4,5 տոկոս է կազմել, ապա սննդամթերքի մասով 14 տոկոս թանկացում է տեղի ունեցել: Ըստ նրա, ազգային վիճծառայության թվերը լիարժեք չեն արտահայտում պատկերը, քան որ նրանց մեթոդաբանությամբ, վելուծության է ենթարկվում 400-ից 900 ապրանք, մինչդեռ, նա առաջարկում է առանձնացնել 20-25 առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների վերլուծություն, ինչը իրականում ցույց կտա, թե ինչպիսին է մեր կենսամակարդակը. «Չէ՞ որ մեր երկրում աղքատության շեմին եւ շեմից ներքեւ, տարբեր տվյալներով, մինչեւ 45-50 % մարդ է ապրում: Կան ապրանքներ, որոնք հայ մարդն իր կյանքում գնում է մեկ անգամ»:

Ըստ նրա՝ «Եթե հայ սպառողն իր եկամուտների 60 %-ը տալիս է սննդին, 40 %-ն էլ կոմունալ ծախսերն են, ապա գումար չի մնում որպեսզի մարդը թատրոն գնա, գրենական պիտույքներ գնի եւ արժանապատիվ ապրի: Քաղաքակիրթ աշխարհում եթե ընտանիքը 25 % ծախսում է սննդի վրա, դա համարվում է աղքատության շեմ, նման պարագայում պետությունը սոցիալական ծրագրերով օգնում է մարդկանց»:

Սպառողների պաշտպանի խոսքերով, ակնհայտ թանկացումներից բացի, կա նաեւ գների թաքնված բարձրացում. «Եթե մեզանից շորթում են մեր վճարած կարագի, երշիկի, շաքարավազի մի որոշ մասը, դա թաքնված գների բարձրացում է: Նույն հացը 180 դրամ էր երեկ եւ նույն հացը 180 դրամ է այսօր, բայց 30 կամ 60 գրամով քաշը թեթեւացած: Ո՞վ կարող է հաշվարկել, նկատել եւ ապացուցել ու պատժել, եթե ոչ պետական կառույցները»:

Aravot.am-ի հարցին, թե որպես սպառողների պաշտպան, ուսումնասի՞րել է, թե որ տնտեսվարողներն են խախտում սպառողների իրավունքները եւ անուններ կարո՞ղ է հրապարակել, որպեսզի սպառողներն էլ իմանան, թե ումից պահանջեն հարգել իրենց իրավունքները՝ պարոն Պողոսյանն այդպես էլ որեւէ անուն չհրապարակեց:

Ինչ վերաբերում է կառավարության որոշումով հարկային պարտավորությունները թեթեւացնելուն, ինչի արդյունքում հողօգտագործողներին զիջել են պարտքերը, ապա Ավագ Հարությունյանի կարծիքով՝ «Միանշանակ չի կարելի ասել լա՞վ է, թե՞ վատ: Գոյություն ունի հարցի բարոյական կողմ, գյուղացին, որը 96 թվականից վճարել է հողի հարկ, գույահարկ եւ բարեխղճորեն կատարել է պետության նկատմամբ իր պարտավորությունները եւ իր սոցիալական ստատուսով հեչ չի տարբերվել այն գյուղացուց, որը չի վճարել, հիմա հարեւանը հարեւանին ձեռ է առնում, ասում է՝ տեսա՞ր, ես 10 տարի չվճարեցի պետությունն ինձ ներեց, իսկ դու 10 տարի քո ընտանիքի երեխայի բերանից կտրեցիր տարար վճարեցիր, նույն բանը եղավ: Եթե դուք համեմատեք այս ամսվա հավաքագրումները, կտեսնեք, որ կտրուկ անկում կլինի անցած տարվա մարտի նկատմամբ: Այն գյուղացին, որը վճարել է, հիմա չի վճարելու: Տույժ-տուգանքները պետք է հանվեին, բայց մայր գումարը պետք է մնար, որովհետեւ իրավական պետություն ենք կառուցում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031