Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. Ամեն ինչ պետք է անել՝ պոռթկալու առիթ չտալու համար

Մարտ 02,2012 15:26

Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարը։ Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր զոհերի հիշատակը։

Ապա բացման խոսքով հանդես եկավ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, որը համագումարը բացված հայտարարելուց հետո՝ ձայնը փոխանցեց հյուրընկալված կուսակցությունների ներկայացուցիչներին։

ՀՅԴ անունից «Ժառանգություն» կուսակցության համագումարը ողջունեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ համագումարը աշխատանքային մթնոլորտում կանցնի։ Նա ասաց, թե դժվար ժամանակներ են, դեռ փորձություններ են սպասվում, բայցեւ համոզմունք հայտնեց, որ դրանք կուսակցությանն ավելի ուժեղ կդարձնեն այդ մարտահրավերների դեմ հանդիման։

Վահան Հովհաննիսյանը կարեւորեց համագործակցության այն փորձը, որը կուտակել են «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն այս ընթացքում՝ ԱԺ-ում եւ դրանից դուրս։ Նա որպես այդպիսի համագործակցության, իր ձեւակերպմամբ՝ «դեբյուտ» համարեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ «ոչ»-ի շարժումը։

ՀՅԴ բյուրոյի անդամն ուշադրություն հրավիրեց նաեւ երկու կուսակցությունների համագործակցության ամենաթարմ օրինակի վրա, որը որոշակիորեն առնչվում էր առաջիկա ընտրություններին։ Խոսքը ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնում կատարելու համատեղ օրենսդրական նախաձեռնության մասին էր։Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ այս վերջին նախաձեռնությանը միացել էր ընդդիմադիր ողջ դաշտն ու արձանագրեց, որ այդ ուժերը, փաստորեն, մի խնդրի շուրջ համախմբվել են եւ եզրակացրեց, «որ մեզանից կախված ամեն ինչ պետք է անել, որպեսզի հաջորդ ընտրություններից հետո ժողովրդի համար պոռթկալու պատճառ չլինի, իսկ պատճառ չի լինի, եթե մենք հաղթենք, որովհետեւ այլ տարբերակ մենք չունենք։ Եթե իշխանությունը ներկայացնող ուժը իսկապես հաղթի, մենք կողջունենք, բայց ես խիստ կասկածում եմ, որ երկրի այս վիճակում այդ ուժը կարող է օրինական ճանապարհով հաղթել։ Ուրեմն, մենք պետք է հաղթենք կամ պետք է թույլ չտանք, որ մեր հաղթանակը գողանան։ Եվ ես հուսով եմ, որ մեր համագործակցության բոլոր հնարավորությունները դեռեւս օգտագործված չեն ամբողջությամբ եւ մենք միասին դեռ անելիքներ ունենք»։ «Պատգամը գաղթակղիչ էր»,- իր նախկին կուսակցի ելույթին արձագանքեց Ռուբեն Հակոբյանը։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031