Այսօր «Դեբատ» ակումբում կազմակերպված քննարկման ընթացքում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց. «Մեր երկիրն այսօր այն իրավիճակում է, որ Աստված չանի, հնարավոր է նոր «մարտի 1» գա մեր գլխին»: Կուսակցությունների՝ տարաբնույթ դաշինքների և կոալիցիաների մեջ միավորվելու մասին քաղաքական գործիչն այսպիսի կարծիք հայտնեց. «Այսօրվա կոալիցիան չի գործում, քանի որ ինչպես կարող են երեք տարբեր գաղափարախոսություն կրող ուժեր միավորվել և իրականացնել մեկ ծրագիր: Ինչ վերաբերում է այսօր մեզանում տարածված այն երևույթին, երբ այս կամ այն կուսակցության լիդերն իր թիմով միավորվում է մեկ այլ կուսակցության հետ, ապա պետք է նշել, որ կամ նա պիտի հրաժարվի իր կուսակցությունից, կամ սառեցնի գործընթացը, քանի որ միավորվելով, անկախ իր կամքից նա դառնում է տվյալ կուսակցության կցորդ»:
Ա. Սարգսյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում գործող կուսակցությունների մեծամասնությունը չունի հստակ գաղափարախոսություն: Այդ պատճառով էլ հասարակության շրջանում գերիշխող է հետևյալ հոգեբանությունը. «Քաղաքացին չի մտածում իսկապես ընտրություն կատարելու մասին, այլ նա մտածում է, թե երբ է գալու 5000 դրամ տվող մարդը, որ գումար բաժանի ձայն ստանալու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ