Այսօր՝ մարտի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում Երևանից դեպի Չարենցավան տանող ավտոճանապարհին՝ Չարենցավանի սկզբնամասում, հրդեհ է բռնկվել «ԿՎԶ 1» մակնիշի 23 ՏՏ 498 համարանիշի ավտոբուսում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ավտոբուսի վրա գրված էր «Բարգավաճ» կուսակցության անունը։ Այս ավտոբուսով ուսանողներն անվճար տեղափոխվում էին Երևան։ Այդ պահին ավտոբուսում եղել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 56-ամյա վարորդը՝ Ժորա Ասատրյանը, և մի երիտասարդ տղա։ Երիտասարդը կարողացել է իրեն դուրս նետել ավտոբուսից, իսկ վարորդը ձեռքերի և երեսի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել է Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ «լավա Չարենցավանի հրշեջ–փրկարարները շուտ հասան և մարեցին ավտոբուսում բռնկված հրդեհը, թե չէ վառվող ավտոբուսից մի քանի քայլ այն կողմ է գտնվում ավտոմեքենաների գազալցակայանը և կարող էր սա ողբերգական ավարտ ունենալ»։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ։ Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչը դեպքի վայրում արձանագրություն է կազմում, որից հետո ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այրվածքներ ստացած քաղաքացուն քիչ անց տեղափոխելու են Երևան։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ