Հիմա Հայաստանում մեծ թափով եկեղեցիներ են կառուցվում. որոշ գյուղերում 2 եկեղեցի կա, իսկ 16200 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում եկեղեցի չի գործում: Հաղարծնի նշանավոր վանական համալիրը Դիլիջանից 14 կմ հեռավորությամբ է գտնվում: Դիլիջան այցելող զբոսաշրջիկները զարմանում են, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի առողջարանային եւ ֆինանսական համբավ ունեցող քաղաքում եկեղեցի չկա: Սուրբ տեղը դատարկ չի մնում: «Թուֆենկյան» թանգարանի մաս կազմող շենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի: Դիլիջանցիների վկայությամբ` այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանան, այդ սենյակում նաեւ մոմեր են վաճառվում:
Մեր տվյալներով` 6 տարի առաջ` 2006 թվականին, արտերկրի բարերարի կողմից Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար շուրջ 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարվել: Բացի այդ, համայնքում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ` նպատակ ունենալով ներգրավել լրացուցիչ ֆինանսներ: Չնայած ձեռնարկած միջոցներին` եկեղեցու շինարարությունն այդպես էլ չի սկսվում: Մեր տեղեկություններով` եկեղեցու բարեգործը մահացել է:
Կարդացեք նաև
Հարց է ծագում` ո՞ր բանկում է պահվում Դիլիջանի եկեղեցու կառուցման համար նախատեսված գումարը, անցած 6 տարում այն ի՞նչ չափով է աճել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ