Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոստանջյան. «Ես մթագնած, ողորմելի մեկնաբանությունները չեմ մեկնաբանում»

Մարտ 02,2012 14:41

 Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը համաձայնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այն հարցում, որ Վարդան Օսկանյանն իսկապես միջազգային դիվանագիտական շրջանակներում մեծ հեղինակություն է վայելում, եւ ԲՀԿ-ին, որը ձգտում է սոլիդ կուսակցության իմիջ ձեռք բերել, պետք էր այդ հեղինակությունը: Վարդան Օսկանյանին էլ պետք էր ԲՀԿ-ի պես հենարան: Այսինքն, երկուստեք շահ ունեին դրանից:

Սակայն պարոն Բոստանջյանը չցանկացավ մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հատկապես այն հատվածը, որը վերաբերում էր այդ գործարքի ետեւում Քոչարյանի ականջները տեսնելուն: Ըստ Լեւոն Տեր Պետրոսյանի, ոմանք տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք ժխտում են Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն: Վարդան Բոստանջյանի խոսքերով` «Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ես ամենատարբեր խոսակցություններին, հատկապես մթագնած, ողորմելի մեկնաբանությունները կամ խոսակցությունները ընդհանրապես չեմ մեկնաբանում»:

Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել էր «Մարտի 1»-ի պատասխանատուների ցուցակը, որոնք, ըստ իրեն, պետք է կանգնեն դատարանի առջեւ եւ պատժի ենթարկվեն: Ցուցակում ընդգրկված անուններն են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Հայկ Հարությունյան, Գորիկ Հակոբյան, Վովա Գասպարյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան եւ այլն: Մեր հարցին` այս ցուցակի հետ կապված վերապահումներ ունե՞ք՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Դա հարցրեք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը դրա անմիջական մասնակիցն է եղել եւ շատ տեղյակ մարդ է երեւի: Ես ի՞նչ իմանամ, ինքս ոչ մասնակցել եմ «Մարտի 1»-ին, ոչ էլ գիտեմ, ոչ էլ դրա մանրամասների մեջ մխրճվել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031