Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տեղում պարզեցինք, որ հանդիպմանը լրագրողների մուտքն արգելված է:
Բուհի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանից էլ տեղեկացանք, որ հանդիպումը կազմակերպվել է ուսանողների ցանկությամբ. «Նրանք իրենց հուզող հարցերը պետք է ուղղեն նախարարին, իսկ լրատվամիջոցները, գուցե ոչ ճիշտ կամ խեղաթյուրված տեղեկություններ տան հանդիպման մասին»:
Սեւակ Խաչատրյանը հավաստիացնում է, որ ոչ մի գաղտնի բան էլ չի լինելու, ուղղակի դա արվում է ուսանողների ու նախարարի միջեւ անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար:
Հանդիպման ավարտից հետո ուսանողներն ասացին, որ միջոցառմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, իսկ Սեյրան Օհանյանը, խոսելով 20-ամյա բանակի մասին, կարեւորել է կրթության դերը զինված ուժերում: Նախարարը հայտարարել է, որ Հայաստանի այսօրվա զինված ուժերը կայացած են: Վերջում ուսանողները հարցեր են տվել նախարարին, թե ինչպիսի՞, չցանկացան մանրամասնել:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ