Շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը, որին մասնակցելու են աշխարհի տասը լավագույն գրոսմայստերները, այս տարի անցկացվելու է Մոսկվայում` հունիսի 7-19-ը:
Վեց գրոսմայստերների անուններն արդեն հայտնի են: Նրանք են` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան: Եվս երեք գրոսմայստերների անունները կպարզվեն ավելի ուշ: Իսկ ահա հուշամրցաշարի 10-րդ մասնակցին առաջին անգամ քվեարկությամբ որոշելու են շախմատասերները: Այդ նպատակով Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կայքէջում բացվել է հատուկ բաժին, որտեղ առաջարկվում է տասներեք գրոսմայստերի անուն: Յուրաքանչյուր շախմատասեր կարող է քվեարկել իր ընտրած թեկնածուի օգտին:
ՌՇՖ-ն առաջարկում է հետեւյալ շախմատիստների անունները. Շախրիյար Մամեդյարով, Վանգ Հաո, Գատա Կամսկի, Ռուսլան Պոնոմարյով, Մայքլ Ադամս, Անիշ Գիրի, Կուանգ Լեմ Լե, Յուդիթ Պոլգար, Ալեքսեյ Շիրով, Բաադուր Ջոբավա, Էմիլ Սուտովսկի, Լյուկ ՄաքՇեյն, Հոու Յիֆան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև