Օլիմպիական այս տարում Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) ՀԱՕԿ-ի հետ համագործակցության նոր քաղաքականություն է որդեգրել: ՀԱՕԿ-ի հովանավորությամբ այժմվանից կարեւոր ուշադրություն է հատկացվում հենց տեղում՝ մեր առաջատար մարզաձեւերում տարվող Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների լուսաբանմանը:
Հերթական համայցը երեկ էր՝ Ֆուտբոլի ակադեմիա, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, որտեղ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազատ եւ հունահռոմեական ըմբշմարտի մեր ազգային հավաքականները վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում: Երկու ոճերում էլ հավաքներին մասնակցում են «ձեռքի տակ եղած» բոլոր լավագույնները: Ազատ ոճայինների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մարզումներից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս տարվա առաջին պաշտոնական մրցաշարը՝ Եվրոպայի առաջնությունը, վերջին հաշվով անկախ Հայաստանի մարզական կենսագրության եւս մի էջ է: Դրա համար իրենք մրցավայր ներկայանալու են ամբողջական կազմով եւ մեդալներ նվաճելու ու Հայաստանի դրոշը Սերբիայում բարձրացնելու մտադրությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչը եւ իրենք՝ ըմբիշները, հիմնավորապես պատասխանեցին լրագրողների բազմաբովանդակ ու բազմաթիվ հարցերին («Առավոտը» դրանց մանրամասն անդրադարձել է դեռեւս անցած տարվանից), որոնք վերաբերում էին ինչպես Եվրոպայի առաջնությանը, այնպես էլ ապրիլ-մայիս ամիսներին հաջորդաբար Բուլղարիայում, Չինաստանում եւ Ֆինլանդիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Այս անգամ էլ պատասխանելով «Առավոտի»՝ այս տարի մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը կայանալիք մրցումների նշանակությանը վերաբերող հարցին, Արայիկ Բաղդադյանը նշեց, որ բոլորն էլ իրենց համար կարեւոր են. «Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ենք ամբողջական կազմով եւ բոլոր քաշային կարգերում… Բելգրադի մրցագորգ մտնող ըմբիշներն էլ մեկնում են ամենաբարձր տեղեր զբաղեցնելու նպատակով: Հասկանալի է, նրանցից ոչ բոլորին կհաջողվի իրականացնել ցանկությունները, բայց մենք ու տղաներն անելու ենք առավելագույնին հասնելու համար ամեն բան»,- ասաց գլխավոր մարզիչը: Ու նաեւ ավելացրեց, որ Սերբիա մեկնելու են միայն նրանք, ովքեր այս պահին գտնվում են հնարավոր լավագույն մարզավիճակում: Իսկ դեռեւս վնասվածք ունեցող առաջին համարները, հետագայում նայած պատրաստվածության աստիճանի, կարող են միմյանց փոխարինելով մասնակցել վարկանիշային մրցաշարերին:
Ըստ էության, այս տարի նույն նպատակն ունի նաեւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարած մարզչական շտաբը: Այնպես որ, այս անգամ բավարարվենք ազատ ոճայինների հետ ասուլիսում հնչեցված խոսքերով: Միայն ավելացնենք, որ Հայաստանի հունահռոմեական ըմբիշներին անցած տարի ընդամենը մեկ միավոր չբավականացրեց Եվրոպայի թիմային չեմպիոն դառնալուն, ու բացի այդ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ըմբիշ. մի բան, որը ամեն երկրի քիմքին հասանելի չէ:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Թե ազատ եւ թե հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականների մարզիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ ֆուտբոլի ակադեմիայում իրենց համար օլիմպիական խաղերին նախապատրաստվելու վճռորոշ փուլում իդեալական պայմաններ ապահովելու, ըմբշամարտի ֆեդերացիային (նախագահ՝ Սամվել Կարապետյան) եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ հատուկ ուշադրության եւ յուրաքանչյուր մրցաշարին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու հարցում լիարժեք աջակցություն ցույց տալու համար:
«Առավոտ» օրաթերթ