Բարիտոն Գեւորգ Հակոբյանը վերադարձել է Հնդկաստանից
Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը հայ առաջին երգիչն է, ով վերջերս Բոմբեյ քաղաքի (Հնդկաստան) օպերային թատրոնում հանդես է եկել Լեոնկավալոյի «Պայացներ» եւ Մասկանիի «Գեղջկական ասպետություն» բեմադրություններում, գլխավոր՝ Տոնիոյի եւ Ալֆիոյի դերերգերով:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ճանաչված բարիտոնը նշեց, թե հնդիկներն ունենալով էպիկական պատմությունների ավանդույթներ, որոնք հիմնականում փոխանցվում են երգ-պարով ու երաժշտությամբ, թերեւս անհրաժեշտություն չեն համարել սեփական ապրումներ վերարտադրել օպերային ժանրով: «Չնայած սրան, հնդիկները գնահատում են օպերային արվեստը: Կազմակերպում են հյուրախաղեր եւ այդկերպ իրենց էլիտար խավին հաղորդակից դարձնում օպերային գրականության գոհարներին»,- ասաց երգիչը: Նա տեղեկացրեց, որ անգլիացիների կողմից 1950-ականներին կառուցված Բոմբեյի օպերային թատրոնը սկզբում չի ծառայել իր բուն նպատակին, եւ միայն 2007-ից են այնտեղ կազմակերպվում օպերային արվեստի փառատոներ, ներկայացվում ճանաչված ռեժիսորների ու դիրիժորների բեմադրություններ՝ անվանի օպերային երգիչների մասնակցությամբ:
Գեւորգ Հակոբյանը հայտնեց նաեւ, որ «Պայացներ», «Գեղջկական ասպետություն» ներկայացումների նախաձեռնությունը իտալացի հայտնի իմպրեսարիո Ջիան Գալիացիո Գանձարոլլիինն էր. «Մեներգիչները Իտալիայի տարբեր թատրոնների արտիստներ էին: Փաստորեն միայն ես էի հայ, ներկայացումն էլ վարում էր իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալլեմանդին: Բեմադրիչը Արգենտինայի Կոլոն թատրոնի գլխավոր ռեժիսոր Վիլլի Լանդին էր: Նվագախումբը տարբեր ազգերի ներկայացուցիչներից էր բաղկացած»: Հարցին, թե ո՞ւմ կողմից էր հրավերը, Գ. Հակոբյանը պատասխանեց՝ իմպրեսարիո Գանձարոլլիի մոր, որը Վալենսիայի օպերային թատրոնի տնօրենն է եւ իրեն ճանաչում է 2010թ. այնտեղ ունեցած հյուրախաղերից: Երգիչը պատմեց, որ ներկայացման դիրիժոր Ալլեմանդին հետաքրքրվել է, թե Իտալիայում ո՞ւմ մոտ է ինքն ուսանել. «Ասացի, որ սովորել եմ Երեւանի կոնսերվատորիայում՝ անվանի մանկավարժ Սերգեյ Դանիելյանի դասարանում, որը եղել է հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանի պրոֆեսորը: Այդ լսելով՝ դիրիժորը վեր թռավ տեղից, ասելով, թե Գեղամը իր լավ բարեկամն է, եւ հենց նա՛ է Կոլոն թատրոնում ժամանակին իր ղեկավարությամբ երգել այս դերերգերը: Շեշտեց, թե պարզ է՝ որտեղից է գալիս ձայնի նման վերարտադրումն ու վարպետությունը»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իմպրեսարիո Գանձարոլլին ափսոսանք է հայտնել իրեն ավելի վաղ չճանաչելու համար եւ առաջարկել է համագործակցել: Նա խոստացել է կազմակերպել Գեւորգ Հակոբյանի 2013-2014թթ. մենահամերգները՝ Լոնդոնում:
Ժամանակին հեղինակավոր թատրոնների ներկայացումներում գլխավոր դերերգերով հանդես եկած երգչին հարցրինք՝ Երեւանի օպերային թատրոնի բեմադրությունները (ռեժիսորների մասով) ինչո՞վ են զիջում արեւմտյաններին: Գ. Հակոբյանը, առանց մանրամասնելու, պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ այն գումարը, որ ժամանակին ծախսվեց մեր թատրոնում բեմադրված «Աիդայի» վրա, անհամեմատ բարձրակարգ ու բարձրարվեստ ներկայացում կլիներ, եթե դրա իրականացումը վստահվեր Գեղամ Գրիգորյանին»: Առաջիկա ծրագրերի մասին էլ հայտնեց, որ հրավիրված է Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոն՝ հանդես գալու Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացու» ներկայացման մեջ՝ Գրյազնոյի դերերգով: Ռեպլիկին, թե իր որոշ կոլեգաների նման, որոնց փառքը արագ տարածվում է, չի՞ պատրաստվում երկարաժամկետ պայմանագիր կնքել արտերկրի որեւէ թատրոնի հետ ու հեռանալ Հայաստանից, բարիտոնը պատասխանեց. «Գիտեմ, որ հայրենիքում ընդունված եւ սիրված եմ, այնպես որ, ցանկություն չունեմ տարիներով այլ երկրում ապրել ու ստեղծագործել, մանավանդ՝ մեկ ընտանիքի նման ենք ապրում մեր թատրոնում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ