«Առավոտի» փետրվարի 14-ի համարում տպագրված «Ուսանողները պատրաստվում են դատի տալ բուհին» հրապարակման առիթով ՀՀ ԿԳ նախարարությունը ներկայացրել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի պարզաբանումները:
«Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, հիմք ընդունելով Բոլոնիայի գործընթացի դրույթները եւ ՀՀ կառավարության 31.03.2004թ. N 425-Ն որոշման 2-րդ կետը՝ 2004/2005 ուսումնական տարվանից ՀՀ պետական բուհերում ուսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ եւ մագիստրատուրա): 2004 թվականին պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվել են նաեւ մասնագիտական պետական կրթական չափորոշիչները, ըստ որոնց՝ ԵԹԿՊԻ-ում եւ մասնաճյուղերում իրականացվող բոլոր մասնագիտությունների գծով, բացառությամբ «Դերասանական արվեստ» մասնագիտությունից, բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 5 տարի է: Հրապարակման մեջ նշված ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի շրջանավարտները (Անի Եղիկյան, Նորայր Եղոյան) բուհ են ընդունվել 2004 թվականին, հետեւաբար ուսուցումն իրականացվել է բակալավրի կրթական ծրագրով, հինգ տարի նորմատիվային ժամկետով եւ նրանց շնորհվել է բակալավրի աստիճան»,- ասված է ռեկտորի նամակում:
Հիշեցնենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի մի քանի շրջանավարտներ (Անի Եղիկյան, Նորայր Եղոյան եւ ուրիշներ) դժգոհել էին, թե բուհի ղեկավարությունը իրենց խաբել է՝ հնգամյա ուսուցման դիմաց շնորհելով բակալավրի կոչում: Եվ նրանք պատրաստվում էին դատի տալ բուհի ղեկավարությանը: Ըստ շրջանավարտների, բակալավրի դիպլոմը խանգարում է աշխատանք գտնելուն, եթե թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմում են բակալավրն ու մագիստրոսը, նախապատվությունը տրվում է մագիստրոսին:
«Առավոտ» օրաթերթ