Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիզիկապես սպառվում ես, չվարձատրված՝ հեռանում»

Մարտ 02,2012 14:06

 Փաստում է դասերից հետո աշխատող ուսանողը

Աշխատանքը ուսման հետ համատեղելը արտասահմանում սովորական երեւույթ է, իսկ Հայաստանում դժվար դիլեմա՝ ուսանողի համար: Հայաստանյան շատ բուհերում 1-ին եւ 2-րդ կուրսի ուսանողները երկրորդ հերթով են ուսանում, եւ ստացվում է, որ նրանց աշխատանքը պիտի ավարտվի կամ մինչ կեսօր, կամ սկսվի երեկոյան ժամը վեցից հետո: Հասկանալի է, որ նման պայմաններում աշխատանք գտնելը եւ դրանից հետո ուսմանը ժամանակ հատկացնելը գրեթե անհնարին է:

«Անձամբ ինձ համար բավականին դժվար է համատեղել ուսումը աշխատանքի հետ,- ասում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Լուիզա Թախունցը,- բազմիցս փորձել եմ աշխատել ուսմանս հետ զուգընթաց եւ իմ փորձի վրա համոզվել, որ դրանից ուսումս տուժում էր: Ես հասկացա, որ Հայաստանում ավելի լավ է աշխատել ուսումը ավարտելուց հետո, որպեսզի ամբողջովին տրվես աշխատանքին»:

«Այժմ չորրորդ կուրսի ուսանող եմ եւ կարողանում եմ համատեղել աշխատանքս ուսմանս հետ,- ասում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Հռիփսիմե Ասլանյանը,- թեեւ առաջին կուրսերում դա գրեթե անհնարին կլիներ, այն էլ այն դեպքում, եթե ուզում ես մի քիչ ավելի լուրջ գործ գտնել: Թեեւ կարծում եմ, որ աշխատել ցանկացող երիտասարդը ինչ-որ բան անպայման կգտնի, ուղղակի շատերը չեն էլ ուզում աշխատել»:

Ո՞ւր գնան եւ ո՞ւմ դիմեն այն երիտասարդները, ովքեր աշխատելու ժամանակ եւ ցանկություն ունեն: Այսօր համացանցում կան մի շարք կայքեր՝ լի աշխատանքային հայտարարություններով: Սակայն դրանց գերակշռող մասը հարմար չէ սովորական ուսանողին. գործատուն կամ բակալավրի դիպլոմ է պահանջում, կամ աշխատանքային փորձ, կամ էլ լրիվ աշխատանքային օր: Այս դեպքում ուսանողին օգնության են գալիս համալսարաններում գործող կարիերայի կենտրոնները:

Ինչպես տեղեկացանք Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կարիերայի կենտրոնի ներկայացուցչից, իրենք գործատուների որոշ բազա ունեն, կապ են պահպանում նաեւ աշխատանքային գործակալությունների հետ եւ օպերատիվ տեղեկացնում ուսանողներին իրենց հարմար աշխատանքի մասին: Ենթադրենք, որ աշխատանք փնտրող երիտասարդը վերջիվերջո իրեն հարմար տարբերակ է գտնում, դասերից հետո գնում է աշխատանքի եւ հոգնած վերադառնում տուն. հարց է ծագում, թե ե՞րբ պիտի այդ ուսանողը իր դասերով զբաղվի: Այստեղ պետք է հաշվի առնել բուհերի գերակշռող մասում գործող Բոլոնյան համակարգը, որը թույլ չի տալիս շատ բացակայել, իսկ ամենամսյա ստուգողականները պահանջում են մշտապես լինել ուսման մեջ: Անվճար սովորող ուսանողների համար այդ խնդիրը էլ ավելի բարդ է, քանի որ աշխատանքին ժամանակ հատկացնելով՝ նրանք վտանգում են իրենց անվճար տեղը, որը կարող են կորցնել ռոտացիայի արդյունքում:

«Աշխատել եմ այնպիսի լրատվական կայքում, որտեղ առաջնայինն օպերատիվությունն է, եւ դա, իհարկե, շատ դժվար էր, հատկապես երբ համատեղում էի ուսմանս հետ: Եթե նույնիսկ համաձայնության էի գալիս եւ աշխատավայր էի հասնում միայն դասերի ավարտից հետո, ստիպված էի լինում ողջ օրը փողոցում անցկացնել, այնուհետեւ՝ համակարգչի առաջ մինչ ուշ երեկո: Եվ երբ հոգնած տուն էի հասնում, պարզապես ի վիճակի չէի լինում դասերս անել, առավել եւս՝ մոդուլային շաբաթի պատրաստվել: Էլ չեմ խոսում այն մասին, որ որպես ուսանող ստիպված ես անվճար աշխատել փորձաշրջանի ընթացքում, որը անհասկանալի ու վերացական ժամկետներ ունի: Ի վերջո, ֆիզիկապես սպառվում ես, չվարձատրված՝ հեռանում, եւ դրա հետ մեկտեղ՝ ոչ մեկի չես կարող մեղադրել շահագործման մեջ»,- իր աշխատանքային փորձն է ներկայացնում Լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սոնա Ավետիսյանը:

Փաստ է, որ այսօր հայաստանցի ուսանողներին հարմար կեսդրույքային աշխատատեղերի պակաս կա: Աշխատող ուսանողների մեծ մասը աշխատանք է գտել ֆինանսական դժվար պայմաններից դրդված, մյուս մասն էլ ամռանն է աշխատում՝ արձակուրդների ժամանակ: Մեզանից շատերը ունեն ընկերներ եւ բարեկամներ, որոնք, արտասահմանում ուսանելով, հեշտությամբ կարողանում են համատեղել աշխատանքը դասերի հետ. արտասահմանում՝ այո, քանի որ այնտեղ դա սովորական պրակտիկա է, իսկ մեզ մո՞տ…

ՍՏԵԼԼԱ ՏԵՐՏԵՐՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական
համալսարան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031