Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները մեզ էլ են մտահոգում»

Մարտ 02,2012 14:03

Հայաստանում թռչնաբուծության ոլորտում առաջացած հիմնախնդիրների շուրջ «Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

– Պարոն նախարար, հայաստանյան թռչնաբույծներն ահազանգում են ոլորտում ստեղծված որոշ անառողջ երեւույթների մասին՝ մասնավորապես, որ որոշ ընկերությունների կողմից ներկրված՝ սառեցրած հավերը Հայաստանում վաճառվում են տեղական թարմ կամ սառեցրած հավերի անվան տակ՝ էժան գնով: Նրանք հավաստիացնում են, որ սպառողին նման խաբեության մեջ գցելը անհավասար պայմաններ է ստեղծում շուկայում, եւ եթե այսպես շարունակվի, ապա իրենց արտադրության ծավալները հարկադրված կլինեն նվազեցվեն: Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ:

– Այո, թռչնաբույծները մեզ դիմել են, եւ այդ հարցը համատեղ քննարկել ենք, դա մեզ էլ է մտահոգում: Ճյուղի հետագա զարգացմանն ուղղված արդեն իսկ ավարտում ենք Հայաստանում թռչնաբուծության զարգացման հայեցակարգի մշակումը, որի իրականացման շնորհիվ կարող ենք մինչեւ 2020 թ. մեր հանրապետությունում թռչնամսի սպառողական պահանջարկի 55-60 տոկոսն ապահովել տեղական արտադրության հաշվին: Մեր տեղական թռչնամսի ինքնարժեքը բարձր է՝ 1 կգ-ը 1200-1300 դրամ, պայմանավորված մի շարք գործոններով: Ներմուծված թռչնամսի գնի համեմատությամբ այն բավականին թանկ է: Թռչնամսի արտադրության ինքնարժեքի հիմնական բաղադրիչը կերն է, որը ներառում է եգիպտացորեն, գարի, ցորեն եւ այլ բաղադրամասեր, որոնց արտադրության ծավալները մենք չենք կարողանում մեր երկրում ապահովել, հետեւաբար՝ հարկադրված ենք որոշ խմբաքանակներ ներմուծել:

– Իսկ Ձեր ասած հայեցակարգը կքննարկվի՞ թռչնաբույծների հետ:

– Իհարկե, ոչ թե կքննարկվի, այլ արդեն իսկ քննարկել ենք եւ հաշվի ենք առել իրենց կարծիքները, դիտողություններն ու առարկությունները:

– Վերջին տարիներին ձվի գերարտադրությունը հանգեցրեց ծանր հետեւանքների՝ գների անտրամաբանական անկում, ընկերությունները վնասով էին աշխատում, ինչի հետեւանքով արտադրությունը զգալիորեն կրճատեցին: Այժմ ձվի գերարտադրության խնդիր նորից կա: Չե՞ք կարծում, որ դա նորից կբերի իր վատ հետեւանքները:

– Ձվի շուկայում նախանցյալ տարի այդ խնդիրը շատ սրվեց, քանի որ որոշ տնտեսությունների թռչունների գլխաքանակի պատվաստումը պետության հաշվին չկատարվեց, այլ՝ տնտեսվարողի ֆինանսական միջոցների հաշվին եւ գլխաքանակի զգալի կորուստներ եղան, հատկապես՝ մասնավոր թռչնաբուծական տնտեսություններում: Ընկերությունների կողմից ստեղծվեց նաեւ արհեստական դեֆիցիտ, որն առավելապես սրվեց Ամանորի շեմին: Դրա պատճառով էլ ավելացավ ձվի ներմուծումը: Հետագայում թռչնի գլխաքանակը վերականգնվեց եւ Զատիկին այդ անցումն եղավ սահուն եւ որեւէ խնդիր չառաջացավ: Այս տարի թռչնաբուծությունում իրավիճակը լինելու է կայուն:

– Իսկ գերարտադրության հարցը ինչպե՞ս կլուծվի: Կարծում եմ՝ դրա եղանակները կամ ձվի վերամշակման կետերի ստեղծումն է, կամ արտահանման ապահովումը, կամ էլ պարզապես արտադրության պլանավորումը: Ո՞ր տարբերակն է ընտրել, կամ գուցե կառավարությունը ի՞ր տարբերակն ունի:

– Գոյություն ունի սեզոնայնություն: Ամռանը ձվի սպառողական պահանջարկը նվազում է, իսկ հավերը շատ ձու են ածում, ուստի պետք է պլանավորվի ձվի արտադրությունը: Պետք է պարտադիր կազմակերպել ձվի փոշու արտադրություն, ինչի ուղղությամբ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք ձվի առումով խնդիրներ չունենք եւ չենք ունենալու, քանի որ շատ սերտ աշխատում ենք թռչնամիս եւ ձու արտադրող ընկերությունների հետ:

– Թվային տվյալները ցույց են տալիս, որ անցած տարի ավելի շատ թռչնամիս է ներկրվել Հայաստան, քան նախանցած տարի. 2010թ.-ին՝ 36 հազար 434 տ, 2011-ին՝ 38 հազար 971 տ, ո՞րն է ներկրման ծավալների ավելացման պատճառը, գուցե տեղի արտադրական ծավալնե՞րն են նվազել:

– Հավի միս տարեկան ներմուծվում է մինչեւ 40 հազար տոննա: Անցած տարի տեղական արտադրությունը չի նվազել, սակայն հավի միսը, ֆինանսապես ավելի մատչելի լինելով, շատ է սպառվում բնակչության կողմից, ուստի՝ ներմուծման ծավալների ավելացումը պայմանավորված է պահանջարկի աճով: Հարկ է նշել, որ վերջին շրջանում, «Առավոտի» հրապարակումներից հետո, նյութերի հետքերով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգումներ են անցկացվում, եւ մենք արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Այդ հարցը մեզ էլ է անհանգստացնում, եւ մենք շահագրգռված ենք, որ մեր երկիր մտնող սնունդը լինի որակյալ, ոչ ժամկետանց եւ անվտանգ՝ սպառողների համար:

– Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի ասելով, փաստորեն, լաբորատորիաները ոչ բոլոր հզորություններն ունեն, տեխնիկապես չունեն այն հնարավորությունները, որոնք կտան բոլոր հարցերի պատասխանները:

– Հանրապետությունում գործում են մի շարք լաբորատորիաներ, որոնցից երկուսը լրիվ հագեցված են եւ կարող են կատարել գրեթե ամեն տեսակի անալիզներ: Հետեւաբար՝ եթե ծառայությունը որոշակի անալիզների հնարավորություն չունենա, դիմում ենք նշված լաբորատորիաներին; Հարկ է նշել, որ ներկայումս լաբորատորիաների հզորացման նպատակով գնվում են համապատասխան սարքավորումներ եւ առաջիկայում հնարավորություն կընձեռվի կատարել սննդամթերքի անվտանգության եւ որակի անհրաժեշտ անալիզները: Դա բխում է եւ Եվրամիության, եւ, առաջին հերթին, մեր երկրի օրենսդրության պահանջներից: Գտնում եմ, որ մեկ տարի հետո այդ հարցերը կստանան իրենց լուծումը:

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031