Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի հայերը հակազդում են ադրբեջանցիների հակահայ ձեռնարկներին

Մարտ 02,2012 13:59

Փետրվարի 29-ին Չեխիայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 22-28-ը Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի մասին «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմի քննարկումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Սումգայիթում եւ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը։

«Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր, քանի որ հայերին սպանել են իրենց ազգային պատկանելության համար, եւ դա երբեւէ չի կարելի մոռանալ»,- ասաց Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Դեսպանն ասաց նաեւ, որ վերջին ժամանակներս Չեխիայում ադրբեջանական համայնքը բավական ակտիվացել է, որի վառ ապացույցը փետրվարի 24-ին Պրահայի կենտրոնական երկու հրապարակներում ադրբեջանցիների կազմակերպած «Խոջալուի ցեղասպանությունը» ձեռնարկներն էին։ Դրանց Պրահայի հայերը հաջողությամբ հակազդեցին պատասխան ակցիայով՝ նույն վայրում բաժանելով «հայերի դաժանության մասին վկայող» լուսանկարների կեղծ լինելը ապացուցող թռուցիկներ։ Այն չափազանց տհաճ անակնկալ էր ադրբեջանցիների համար։

Ավելին, հայ ակտիվիստները մուտք են գործել հրապարակում ադրբեջանցիների տեղադրած քարոզչական տաղավար եւ ներսում շփոթված ադրբեջանցիներին տրամադրել այդ թռուցիկների տասնյակ օրինակներ։

Ադրբեջանցի «քարոզիչները» աղաղակող ցինիզմով են կեղծում լուսանկարները։ Օրինակ՝ Թուրքիայում 1983 թվականի երկրաշարժին զոհ դարձած փոքրիկ երեխաների դիակների վրա ողբ անող թուրք կնոջ հայտնի լուսանկարը փորձել են ներկայացնել իբրեւ…Խոջալուի «ջադերի» լուսանկար։ Եվ այդօրինակ բազում «փաստեր» կան նրանց զինանոցում:

Դեսպանատանը կայացած հանդիպմանը ներկա հայ համայնքի ակտիվիստների խոսքերով, ադրբեջանցիները նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար ֆինանսական օգնություն են ստանում «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից եւ Չեխիայի ադրբեջանցի գործարարներից։ Ադրբեջանցիների վերջին ձեռնարկն էլ «առեւտրային» բնույթ ուներ, քանի որ միջոցառումն ուղեկցվել է գովազդներով եւ հուշանվերների վաճառքով։ Ըստ դեսպանի, կարելի է ասել, որ Խոջալուի այդ «առեւտրային ձեռնարկը» խափանվել է։

«Ամեն դեպքում «Խոջալու» շարժումը ակտիվացել է,- իր ելույթը եզրափակեց Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը,- ես հպարտ եմ, որ Չեխիայի հայ համայնքը կարողանում է կազմակերպվել ու հակազդել ադրբեջանական ապատեղեկատվությանը»։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031