Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազասպառման հնարավոր հնարքների» պատճառով միջնորդվեց դռնփակ նիստ անցկացնել

Մարտ 02,2012 13:52

Փաստաբանը՝ «ՀայՌուսգազարդի» դեմ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, երկու օր առաջ սկսվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ Գեւորգ Դավթյանի վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցի նախնական քննության շարունակությունը: Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակցուհին, առանց զգուշացնելու, հանել էր փաստաբանին պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել է նրա բնակարանի գազամատակարարումը:

Դատական նիստին «ՀայՌուսգազարդ» ընկերության շահերը ներկայացնում էր «Երեւանգազի» իրավաբանական վարչության պետը, որը միջնորդություն է ներկայացրել դատական գործի քննությունը փակ անցկացնելու պահանջով: Դռնփակ դատական նիստի միջնորդության անհրաժեշտությունը ներկայացուցիչը պատճառաբանեց այն հանգամանքով, որ իբր հնարավոր է, որ գործի քննության ընթացքում իրենց կողմից այնպիսի տեղեկություններ հայտնվի գազի հաշվառքի սարքի շրջանցմամբ «գազասպառում կատարելու հնարքների» վերաբերյալ, որոնք «այլ անձանց հայտնի դառնալու դեպքում կվնասեն ընկերությանը»: Իհարկե, դա հայցվորի՝ Գեւորգ Դավթյանի կողմից առարկվեց այն պատճառաբանությամբ, որ ինքն ընդհանրապես կարիք չունի նման մեթոդներին ծանոթանալու, ինչը նաեւ պահանջների հիմքի մեջ չի մտնում: Դատարանի դիրքորոշումը համընկավ հայցվորի դիրքորոշմանը, եւ այդ միջնորդությունը մերժվեց, սակայն դատարանը հայտնեց, որ կարող է այդ տեխնիկայի հնարքի մասին տեղեկություն հայտնելու պահը միայն փակ անցկացնել, եթե, իհարկե, դրա կարիքը լինի եւ բխի համապատասխան օրենսդրությունից (բարեբախտաբար, դեռ չի առաջարկվել պետական գաղտնիքների մասին օրենքում փոփոխություն մտցնել-Ռ. Մ.):

Մինչդեռ պատասխանողի այդ միջնորդության տակ այլ բան էր թաքնված, դռնփակ նիստով հեռու պահել զանգվածային լրատվական միջոցներին, ավելորդ հասարակական հնչեղություն չտալ գազասպառման հնարավոր «հնարքների» բացահայտմանը:

Պատասխանող կողմը չժխտեց, որ գազահաշվիչը հանվել է հայցվոր փաստաբանի բացակայութամբ: «Այդ դեպքում, եթե հայցվորը ներկա չի եղել հաշվիչի հանման աշխատանքներին, ինչո՞ւ եք արձանագրության մեջ գրել, որ հայցվորը հրաժարվել է այն ստորագրելուց»,- հարցրեց դատավոր Ս.Հովսեփյանը: Պատասխանողը փորձեց դա պատճառաբանել նրանով, որ երեկոյան՝ աշխատանքային ժամից հետո, իրենց աշխատակիցը եկել է հայցվորի բնակարան եւ ցանկացել, որպեսզի այն ստորագրի: Իսկ հայցվորը զարմացած է, թե ինչպես կարելի է հաշվիչն առանց բաժանորդի ներկայության հանել, տանել եւ ապա արձանագրել, թե բաժանորդը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց:

Հայցվորի այն հարցին, թե ինչպես է պատասխանողը ծանուցում այն մասին, որ գազահաշվիչի հաշվարկի գումարը 15- օրյա ժամկետում չմուծելու դեպքում բնակարանը կգազազրկվի, այն դեպքում, երբ արդեն վաղուց հայցվորի բնակարանը գազազրկված է, պատասխանողը ելքը գտավ՝ ասելով, որ պետք է ծանուցում կատարող համապատասխան ստորաբաժանման պետին կանչենք եւ պարզենք: Ի դեպ, պատասխանողը հայցում ներկայացված հիմքերի, փաստերի եւ առարկայի վերաբերյալ չնայած հարցեր չուներ, սակայն ամբողջությամբ առարկում էր պահանջի դեմ:

Պատասխանողը դատարանին ներկայացրեց ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի փորձաքննության այս տարվա հունվարի 9-ի եզրակացությունը, այսինքն՝ դեպքից 3 ամիս անց: Ըստ այդ եզրակացության, եզրափակիչ մասի համապատասխան հատվածն այն է՝ «Ելնելով վերը նշված հետքերի քանակական, դրանց ինտենսիվության եւ տարբեր տեղակայությունների եւ կառուցվածքային առանձնահատկություններից, հետքերի շրջանում ախտոտվածության, փոշու հետքերի եւ շերտանստվածքների առկայությունից, գալիս եմ եզրակացության այն մասին, որ տվյալ հետքերն առաջացել են գազահաշվիչի տեւական շահագործման արդյունքում, ունեն առաջացման համեմատաբար հին վաղեմություն, եւ քիչ հավանական է, որ այդպիսիք առաջացած լինեին 20.10.2011թ.-ից հետո ընկած ժամանակահատվածում»: Իսկ գազահաշվիչը, ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հանվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին, որից հետո գազահաշվիչը գտնվել է իր օրինական սեփականատիրոջ՝ «ՀայՌուսգազարդի» անմիջական տիրապետության տակ:

Գ. Դավթյանն «Առավոտին» հայտնեց, որ այդ փորձաքննության մասին ինչպես դատարանը, այնպես էլ ինքը դատական նիստի ժամանակ են տեղեկացել:

Այս դատական նիստին նախորդած ժամանակահատվածում դատարանին հայցվորի կողմից ներկայացվել են նաեւ փաստաբանական վճարում կատարելու մասին հիմքեր եւ վճարման փաստաթղթեր:

Հիշեցնենք նաեւ, որ մոտ 3 ամիս առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանձնարարել էր «ՀայՌուսգազարդին»՝ 3-օրյա ժամկետում վերականգնելու հայցվորի բնակարանի գազամատակարարումը: Սակայն մինչ օրս այդ պահանջը կատարված չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Հայցվորը մշտապես վճարել է գազասպառման դիմաց՝ ընդսմին, ձմռան ամիսներին՝ 25 000-45 000 եւ ավելի դրամ 45 քմ համար՝ կախված տվյալ ամսվա եղանակից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031