Էրեբունու զանգվածի Խաղաղ Դոնի 27 շենքի, 2-րդ մուտքի բնակիչներն արդեն երեք տարի է՝ զրկված են վերելակից: Բազմահարկ շենքի բնակիչների դիմումներին երկար տարիներ ոչ մի դրական արձագանք չի եղել: Շենքի շատ բնակիչներ, որոնք առողջական տարբեր խնդիրներ ունեն, այլեւս ի վիճակի չեն ոտքով այդքան հարկ բարձրանալ-իջնել: Բնակիչների պատմելով՝ վերելակի աշխատանքը դադարեցվել է հարեւան թաղամասի շենքերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով, երբ վերելակի անսարքության պատճառով մի կին զոհվել է: Պատճառաբանելով, որ այս շենքի վերելակն էլ է վթարային, վերելակների սպասարկման կազմակերպության աշխատակիցներն այն անջատել են ու կրկին գործարկելու մասին՝ մոռացել:
«Այնքան այդպես մնաց, մինչեւ վրայի ալյումինե սարքերն էլ գողացան-տարան: Դա էլ մի պատճառ էր, որ ասեին՝ «գիտե՞ք ինչ, թանկարժեք մասեր են թալանել, մեզ գումար որտեղի՞ց, որ բերենք տեղադրենք»,- մեզ հետ զրույցում ասացին շենքի բնակիչները:
8-րդ հարկի բնակիչ Իրինա Գրիգորյանը, որը մինչ այդ զբաղվում էր վերելակի ամենամսյա վարձավճարները հավաքելով, այժմ ժամանակ առ ժամանակ ստորագրություններ է հավաքում՝ պետական ատյաններին ուղղելու նպատակով, սակայն, տարիքով պայմանավորված, մեծ դժվարությամբ է այդքան հարկ իջնում-բարձրանում. «Եկել, վերելակի անսարքության աստիճանը զննել եւ հայտնել են, որ դրա վերանորոգումը թանկ հաճույք է, եւ իրենց վրա հույս չդնենք, ինչ կարող ենք՝ ինքներս անենք: Վախենում եմ շուկա գնալ, գնալիս էլ՝ դրսում այնքան եմ սպասում, մինչեւ որեւէ ծանոթի տեսնեմ եւ խնդրեմ, որ իրերս բարձրացնի»: Մինչդեռ, բնակիչների խոսքերով, վերելակն անջատելուց մոտ 5-6 տարի առաջ իրենք իրենց սեփական միջոցներով նորոգել էին այն, մաշված սարքերն էլ փոխարինել նորերով:
Շենքի բնակիչներից մի տարեց կին էլ վերելակի «դարդից» ստիպված տունն է վաճառել ու շենքից գնացել: Հղի կանանց խոսքերով էլ՝ իրենք պատանդ են այդ շենքում, քանի որ չեն կարողանում իջնել՝ գոնե մաքուր օդ շնչելու:
Կարդացեք նաև
Ըստ 4-րդ հարկի բնակիչ տիկին Ծովինարի՝ ամուսինը, որը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, ներկայումս հաշմանդամ է, վերելակի անսարքության պատճառով 2 տարի տանից դուրս չի գալիս. «Մի՞թե արդարացի պատճառաբանություն է միջոցներ չունենալը: Եթե ուզենան՝ այդ միջոցները կգտնեն: Իսկ եթե այդ նույն վերելակը նախագահի, քաղաքապետի կամ էլ թաղապետի շենքում լիներ, տեսնես կրկին ասելու էին՝ փող չկա՞»:
Տիկին Մանուշակն էլ, որի 2 ոտքը վիրահատված է, պատմում է, որ բժիշկը արգելում է իրեն ընդհանրապես ոտքով իջնել-բարձրանալ: Սակայն հարկադրված է, քանի որ դպրոցում է աշխատում եւ ամեն օր գնում-գալիս է:
Էրեբունի համայնքի «Եվրավերելակ» ՍՊԸ-ի տնօրեն Հունան Ավետիսյանը խիստ զարմացավ՝ տեղեկանալով, որ վերելակի հետ կապված նման խնդիրներ կան նշված հասցեում. «Մեր կազմակերպությունն այս տարվա հունվարի կեսից է մուտք գործել Էրեբունի զանգված: Մենք չենք իմացել այդ մասին: Փոխանակ մեզ դիմելու՝ ձե՞զ են բողոքել: Չէ՞ որ դա մեր պարտականությունն է: Ես չգիտեմ, թե այդ ինչ կազմակերպություն է եկել անջատել վերելակը, բայց մենք պատրաստ ենք ցանկացած խնդրի լուծում տալ: Եթե չափից մեծ ֆինանսներ պահանջվեն, իհարկե՝ կբարդանա ամեն ինչ, մենք նման գումարներ չունենք: Բայց եթե բնակիչները մեզ օգնեն, ավելի լավ»: Մասնագետների հաշվարկներով՝ մոտ 1 մլն դրամի գումար կպահանջվի վերելակի վերանորոգման համար: Էրեբունի վարչական շրջանի տվյալ շենքի համատիրության պատասխանատուն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերելակն այս տարվա ընթացքում անպայման կգործի:
Այս շենքի բնակիչները մեկ այլ խնդիր էլ ունեն. շենքի նկուղային հարկը մշտապես ջրով է լցված. «Այդտեղ մի ժամանակ ճահիճ կար, բայց էդ ճահիճը իբրեւ թե չորացրին, եթե չորացրել են, որտեղի՞ց են մոծակներ ու թրթուրներ հայտնվում»: «Մի օր շենքը կփլվի գլխներիս: Չգիտենք՝ էլ ինչի համար ենք ամսական բնակվարձ վճարում»,- մեկը մյուսին լրացնելով՝ գանգատվում էին բնակիչները:
«Մեր մուտքի ու ճանապարհի մասին էլ չենք խոսում, մանավանդ, եթե անձրեւներ են լինում: Երեխաները դպրոց գնալիս մինչեւ ծնկները ցեխակոլոլ են լինում: Ամոթ է, էլի, բա սա վիճա՞կ է, հետո էլ պիտի ասեն՝ համայնք են ղեկավարում: Իրենք կհանդուրժե՞ն նման փողոց, վերելակ, ճանապարհ իրենց բակում»:
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ