«Առավոտի» փետրվարի 22-ի համարում «Քաղաքացիներին շարունակում են «չլել» վերնագրով հոդված էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք, թե պետական մարմիններն ինչպես են 6 ամիս շարունակ 76-ամյա Միշիկ Ենգիբարյանին այս պետական դռնից այն դուռն ուղարկում, ինչի արդյունքում մեծահասակ մարդը ոչ միայն անտեղի էներգիա է ծախսում, այլեւ ֆինանսական վնասներ կրում: Նա 6 ամիս է՝ չի կարողանում սեփականացնել իր բնակարանը: Պատճառն այն է, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացրած փաստաթղթերից մեկում՝ գույքային թերթիկում, որը ստացել էր դեռեւս խորհրդային տարիներին, նրա անունը չի համապատասխանել անձնագրում գրված անվանը: Այսինքն՝ Միշիկի փոխարեն գրված է եղել Միշա, ինչի պատճառով էլ կադաստրը նրան ամիսներ շարունակ տարել-բերել է, հետո հորդորել՝ անվանափոխման համար դիմել դատարան:
Միշիկ Ենգիբարյանի խնդիրը բարձրացնելուց հետո ՀՀ կառավարությունից անմիջապես արձագանքեցին, որին հաջորդեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանը՝ «Առավոտի» հրապարակմանը: Կադաստրից հայտնում են. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ մերժվել է տվյալ բնակարանի նկատմամբ Միշիկ Ենգիբարյանի սեփականության իրավունքի գրանցումը՝ նկատի ունենալով, որ գույքի նկատմամբ իրավունք ունեցող սուբյեկտի վերաբերյալ նախկին փաստաթղթերում առկա եւ ներկայացվող անձնագրում անվան վերաբերյալ տվյալները միեւնույնը չեն: Նման դեպքում հարցին լուծում է տրվում միայն նշված հակասությունը օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին վճռով»: Այս պատասխանը մինչ մեր հրապարակումը տրվել է նաեւ Միշիկ Ենգիբարյանի՝ կադաստրին ուղղված դիմումին:
Մ. Ենգիբարյանը ի գիտություն ընդունելով կադաստրի պատասխանը՝ այդպես էլ վարվել էր՝ դիմելով դատարան, սակայն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացուն մերժել էր՝ պատճառաբանելով, որ կադաստրի մատնանշած հոդվածը նման փաստի հաստատում չի նախատեսում՝ Մ. Ենգիբարյանին տված վճռում նշելով, որ՝ «Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ դիմողի պահանջն անհիմն է եւ անօրինական»: Քաղաքացու հարցը դատարանով ոչ միայն չի լուծվում, դեռ մի բան էլ հօգուտ պետության թոշակառուից 2000 դրամ պետտուրք են գանձում: «Բա հիմա ես ո՞ւմ դիմեմ, եթե անգամ դատարանը չի կարող անվանափոխություն անել»,- մոլորված հարցնում է Միշիկ Ենգիբարյանը:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ որեւէ պետական մարմին չի կարողանում քաղաքացուն ճիշտ կողմնորոշել, թե ո՞ւր դիմի, որ այդ հարցը լուծվի, հատկապես, որ գույքաթերթիկում տեղ գտած սխալը ոչ քաղաքացու մեղքով է եղել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ