Հայության մի ստվար հատվածին մտահոգող կարեւորագույն խնդիր է դարձել «Եվրատեսիլի» հերթական, այս անգամ` Բաքվում տեղի ունենալիք մրցույթին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ով պիտի մեկնի, պիտի մեկնի թե չմեկնի, այս մեկը կարող է լավ ներկայացնել, մյուսն այնտեղ անելիք-ասելիք չունի…
Այս թեմայով ամեն օր մի քանի հայտարարություն է տարածվում հայրենի փոփ երգիչների կողմից, նրանց ձայնակցում են կամ պատասխան հայտարարություններ անում ռոքի ոլորտում զբաղված որոշ խմբեր: Պոտենցիալ մեկնողների թվում ամենատարբեր անուններ են հնչում` Թաթայից սկսած եւ «Դորիանս»-ով վերջացրած։
Ասուլիսներ են հրավիրվում, քննարկումներ կազմակերպվում, հոդվածներ գրվում, կողմ եւ դեմ կարծիքներ հայտնվում: Ոմանք կողմ լինելով՝ դեմ են խոսում ըստ պատեհության, ոմանք էլ դեմ լինելով՝ մտքում գուցե թե կփափագեին գնալ: Այստեղ է, որ ուզում ես ասել. ուզում եք՝ գնացեք, ուզում եք՝ մի գնացեք, բայց այս եվրատեսիլային ջրիկ ու քաղաքականացված շոուն փակեք, ամոթ է:
Մի ողջ երկիր իր տեղեկատվական բոլոր միջոցներով, հանրային հեռուստատեսությամբ լծվել է խնդրո առարկա թեման քարոզելուն: Կարեւոր չէ այս դեպքում` մերժողաբար թե հակառակ կերպ ենք տրամադրված… Մի՞թե մենք ավելի կարեւոր խնդիր չունենք, քան «Եվրատեսիլի» նման մրցույթին մասնակցելը: Կոմիտասի հոբելյանից մինչեւ սուրբ Մաշտոցի հոբելյան լրատվամիջոցները խուլուհամրի նման եղան եւ այսօր էլ շարունակում են նույն ոգով, մինչդեռ… Մինչդեռ «Եվրատեսիլի» բոյկոտի թեման անգամ մատի փաթաթան դարձրած որոշները պտտում են ու պտտում։
Ի հեճուկս եւ ի պատասխան Ադրբեջանի ու պաշտոնական Բաքվի ամենօրյա մտացածին եւ սուտ տեղեկատվության՝ այնքան փաստեր եւ պտտելու թեմաներ կան` սկսած քաղաքականից, վերջացրած իրապես մշակութայինով:
Մի քանի օր առաջ Սումգայիթյան ջարդերի (Մարաղայի, Խոջալուի, Բաքվի) տարելիցի օրն էր, իսկ մենք, ի լուր աշխարհի այս թեմայով մեր ունեցած ողջ տեղեկատվությունը սփռելու, նոր ժամանակներում հայերի հանդեպ Ադրբեջանի գործած ցեղասպանության մասին խոսելու փոխարեն, ինչ-որ անիմաստ մրցույթի մասին ենք արտահայտվում:
Ա. ԵՍԱՅԱՆ
«Հայոց աշխարհ»