Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Եթե մինչեւ այժմ լռել եմ, չի նշանակում ասելիք չունեմ»

Մարտ 02,2012 11:21

Հատված «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հարցազրույցից

 Ովքեր սատարում են ՀՀ նախագահին, հայտնի էլեկտրոնային էջերում դավաճան բնութագրվեցին։ Ընդ որում, դատավորի թիկնոց հագան ճիշտ այն ուժերը, ում կաշին փրկել է, մասնավորապես, «Ազգային միաբանություն» կուսակցությունը 2008 թ. մարտի 2-ին իր արտահերթ նիստում ընդունած հստակ որոշումով։ Այդ բախտորոշ օրերին մենք հրապարակավ ասացինք, որ ողբում ենք 10 զոհերին, բայց արտակարգ դրություն հայտարարելը միակ ճանապարհն էր, որ զերծ պահեց մեր ժողովրդին շատ ավելի մեծ զոհերից։ Երկրի այն ժամանակվա ղեկավարի ներկայիս գրչակները, այդ մարդու հոգեւոր ժառանգները (եթե հոգեւորը որպես հեգնանք չի հնչի), այսօր ուզում են ապակայունացնել իրավիճակը երկրում, ժողովրդի մեջ թերահավատության մթնոլորտ ստեղծել իշխանության եւ, որ պակաս վտանգավոր չէ, բոլոր կուսակցությունների հանդեպ, որ մեր հայրենակիցներն այլեւս որեւէ քաղաքական ուժի չհավատան, ապակողմնորոշված եւ իշխանությունից օտարված լինեն։

Մեր երկրի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում նման զարգացումները հղի են լուրջ հետեւանքներով, ուստի հարկադրված ենք բարձրաձայն ասելու. պարոն Քոչարյան, մի՛ խառնեք պետականության նավի հրամանատարական անձնակազմը, թողեք գործող իշխանություններն աշխատեն։ Մի՛ փորձեք ձեր հովանավորած կայքէջում անվերջ գովաբանել ԲՀԿ-ն եւ անվանարկեք երկրի վարչապետին, ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր, չդավաճանելով իրենց սկզբունքային գծին, մարդկայնորեն ընդունում եւ հարգում են երկրի գործող նախագահին։ Հասկանում ենք, Ձեր հաշվարկը որքան պարզունակ, այնքան էլ անհեռանկար է։ Մասնավորապես, անվանարկելով ԱՄ-ն ու նրա ղեկավարին, պարոն Քոչարյանը գիտի, որ ես անպայման կպատասխանեմ։ Բայց միամտորեն կարծում է, որ պատասխանելու եմ ԲՀԿ-ին, այլ ոչ իրեն։ Եթե մինչեւ այժմ լռել եմ, չի նշանակում ասելիք չունեմ։ Դա նշանակում է, որ սեփական անձի ու մեր կուսակցության պատասխանատվությունն եմ զգում այս վտանգավոր ժամանակներում, այդ պատճաոով չեմ անդրադառնում նրա նախագահության տարիներին կատարված բազում կոռուպցիոն ռիսկեր ներառող գործարքներին։ Պարզապես դեռ դրա ժամանակը չէ։

Մինչդեռ հասկանում եմ, որ ամիսներ անց լրջմիտ քաղաքական գործիչներ կարող են ինձ քննադատել՝ լավ, պարոն Գեղամյան, ոմանք տգետ էին, խառնում, սասանում էին պետականությունը, անվանարկելով գրեթե բոլորին, բացառությամբ պարոն Քոչարյանի մտերիմների, արդյո՚ք պետք չէ՞ր ի սկզբանե փաստերով լռեցնել այդ ապակառուցողական լրատվամիջոցներին, պարզապես ասելով, որ դրանց նպատակը մեկն է՝ պղտոր ջրում ձուկ որսալը։ Արդյոք դուք, գիտենալով դրանց գործունեության վտանգավոր հետեւանքները, ճի՞շտ էիք վարվում, որ լռում, չէիք ահազանգում։ Ըստ իս, ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքական դասը մեկ խնդիր ունի՝ բոլոր ուժերը կոնսոլիդացնել Սերժ Սարգսյանի շուրջ։ Դա ամենեւին չի նշանակում իշխանության վարած, դիցուք, տնտեսական քաղաքականությունը հալած յուղի տեղ ընդունել, աչք կոծկել այն անարդաոությունների նկատմամբ, որ, ավաղ, արմատախիլ չեն եղել դեռեւս։

ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն իբրեւ վարչապետ Դուք բացառո՞ւմ եք։

– Եթե խնդիր ենք դրել վերականգնելու գծուծ թշնամանքի, ատելության, բանսարկության մթնոլորտը, որի ականատեսն էինք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031