Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Միցուբիշի պաջերո» մակնիշի 11 ՕԼ 770 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ ընթանալիս, մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել «50-ամյակի» հուշահամալիրի տակ գտնվող ձորակում։ Վթարի հետևանքով վարորդը և մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 1-ին խումբը և հրշեջ ծառայության աշխատակիցները՝ 1-ին խմբի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամետրիկներով, որոնց աշխատանքը ղեկավարում է Կարապետ Կուզիկյանը, ով դեպքի մասին տեղեկություններ էր հաղորդում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանին։ Փրկարարների թիվ մեկ խնդիրն այս պահին այն է, որ փորձեն կողաշրջված վիճակից ուղղեն ավտոմեքենան և կարողանան փակել ավտոմեքենայի գազի բալոնը։ Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։ Ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը։