Այսօր՝ մարտի 1–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Նորայր Խլղաթյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 23 ՕԼ 220 համարանիշի ավտոմեքենան, Սևան–Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ–ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև բախվել հաստաբուն ծառին։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ Նորայր Գասպարյանը, Արշակ Առաքելյանը և Նորայր Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի քաղաքային հիվանդանոց։ Եթե ավտոմեքենան չբախվեր ծառին, ապա հնարավոր էր մեքենան գլորվեր ձորը։
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ։