Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ելույթ ունեցավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա ելույթի առաջին հատվածը նվիրված էր մարտի 1-ի իրադարձություններին. «Մինչեւ մարտի 1-ը մեզ համար կրկին չդառնա ուրախության եւ գարնան առաջին օր՝ չեն խաղաղվի զոհերի հոգիները»: Նա հավելեց, որ մարտի 1-ն այդպիսի օր կդառնա այն դեպքում, երբ ժողովուրդը հռչակի իր հաղթանակը:
Լեւոն Զուրաբյանի կարծիքով, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կան բոլոր նախադրյալները, որպեսզի ժողովուրդը տոնի իր հաղթանակը. դրանցից առաջինը, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության նկատմամբ մեծ անվստահությունն է, ապա տնտեսական խայտառակ վիճակը, եւ երրորդը՝ այն, որ երկրում կա միացյալ եւ հզոր ընդդիմություն՝ ի դեմս ՀԱԿ-ի, որը պատրաստ է առաջնորդելու ժողովրդին:
Լեւոն Զուրաբյանը նաեւ աննախադեպ որակեց ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբումը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների գաղափարի շուրջ: Նա ժողովրդին կոչ արեց զինվորագրել առաջիկա պայքարին: