Պարզվում է՝ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի որդին՝ Զարեհ Ասատրյանը, սովորել է Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի եւ Վահան Հովհաննիսյանի դստեր՝ Աննայի հետ նույն կուրսում: Սակայն նրան հեռացրել են ԵՊՀ-ից: Փոխարենը՝ հիշեցնենք, դասերից բացակայող հայտնիների երեխաները՝ Նարեկն ու Աննան «լավ» առաջադիմությամբ ավարտել են համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը եւ ստացել իրենց դիպլոմները: Հավանաբար այս է պատճառը, որ Բագրատ Ասատրյանը բարձրաձայնեց այդ «անհավասարության» եւ «անարդարության» մասին՝ լրագրողներին խնդրելով հետաքննել, թե ինչպես է, որ նրանք, իր դասերին չներկայանալով, ստացել են այդ քննությունը:
Այս առնչությամբ օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Aravot.am-ին Բագրատ Ասատրյանի մասին ասել էր, որ « ամենաստոր զբաղմունքն է քաղաքական հակառակորդին փորձել հարված հասցնել` օգտագործելով իր ազգականների անունները»: Ի պատասխան՝ տնտեսագետը խնդրեց. «Վահանին փոխանցեք իմ որդու պատմությունը: Որդիս 2008-ին հեռացվել է համալսարանից, տաղադավոր տղա: Պարզ է, որ չեն գրի քաղաքական դրդապատճառներով: Կարծում եմ, նա Հայաստանում ամենաերիտասարդ դոկտորն է լինելու»:
Զարեհին ԵՊՀ-ից հեռացնելու պաշտոնական պատճառաբանությունը եղել է ուսման վարձը չվճարելը: Այդ ժամանակ նա փայլուն հանձնել է հատուկ քննություն՝ GRE (graduate record excamination) եւ Բեռլինի համալսարանում մագիստրոսական կրթությունը շարունակելու հրավեր է ստացել: Զարեհն այդ քննությանը 800 հնարավոր միավորից վաստակել է 800 միավոր, ուստի Գերմանիան որոշել է նույնիսկ հոգալ տղայի ուսման վարձի եւ այնտեղ բնակվելու ծախսը՝ 70 հազար եվրո: Մինչդեռ նույն ընթացքում Զարեհին մի կիսամյակի վարձն ուշացնելու պատճառով հեռացնում են Մայր բուհից:
Կարդացեք նաև
Բագրատ Ասատրյանը վստահեցրեց, որ ինքը համալսարանում երբեք քաղաքականությամբ չի զբաղվում. «Բայց, ցավոք, համալսարանը, իմ խորին համոզմամբ, գոնե իմ որդու հարցում քաղաքականությամբ է զբաղվել: 2008-ին հավանաբար պետք է զեկույց ներկայացնեին, որ այդպես են վարվել: Նույն Վահան Հովհաննիսյանին հարցրեք՝ բա այդ բանը ո՞նց ես տանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ