Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի Հայ ազգային կոնգրեսի հրավիրած այս տարվա առաջին հանրահավաքը: Հիշեցնենք, որ ՀԱԿ տարբեր գործիչներն այս ընթացքում հայտարարեցին, որ հանրահավաքում ներկայացվելու են Հայ ազգային կոնգրեսի հիմնական նախընտրական ծրագրային դրույթները:
Այս պահին Ազատության հրապարակում բավականին մեծ թվով մարդիկ են հավաքված: Հավաքվածները ոգեւորությամբ են եկել: Aravot.am-ի հետ զրույցներում մի քանիսն ասացին, թե հավատում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կոնգրեսը հաղթանակ է տանելու, համենայնդեպս, իրենք պատրաստ են անել ամեն հնարավորը՝ կոնգրեսի հաղթանակը ապահովելու համար, քանի որ դա իրենց հաղթանակն են համարում:
Այս պահին հրապարակում է Սասուն Միքայելյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նրանք զրուցում են հավաքվածների հետ: Պատասխանելով մարդկանց մտահոգություններին, Գագիկ Ջհանգիրյանը մի հետաքրքիր դեպք պատմեց. «Մի օր տղերքով զրուցում էինք մեր նախագահի՝ Լեւոնի հետ, դե, որ ասեցինք ուշանում ենք, շուտ ա պետք անել, Լեւոնը նայեց, նայեց, ասաց՝ ոնց նայում եմ, ձեր միջի տարիքովը ես եմ: Ես չեմ վռազում, դո՞ւք ինչի եք վռազում»: Հավելելով. «Մենք կարող ա մի 5 տարի էլ լավ երկիր տեսնենք կամ չէ, էս ամեն ինչը մեր էրեխեքի ու մեր թոռների համար ա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ