Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է ասում, որ բանակն ավելի վտանգավոր է, քան ներքին զորքերը (Տեսանյութ)

Մարտ 01,2012 17:56

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձան այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին: Մասնավորապես, այն հարցին, թե ինչու է այդ օրենքը հենց հիմա՝ նոր ընտրությունների նախաշեմին ընդունվում, որքանո՞վ է այն հող նախապատրաստում նոր բռնությունների եւ այդ բռնությունների մեջ բանակի ներքաշմանը, հակադիր ճամբարներում գտնվող քաղաքական գործիչները տարբեր ձեւով պատասխանեցին:

Ըստ պարոն Ալեքսանյանի, եթե նման օրենք լիներ 2008 թվականին՝ գուցե «մարտի 1» չլիներ. «Եթե իշխանությունը կազմակերպված լիներ, մի կենտրոնից նախապատրաստված լիներ, «մարտի 1» չէր լինի: Երբեմն կարգուկանոնն արգելում է «մարտի 1»-ի դեպքերի կրկնությունը, եթե լիներ օրենքը, անկախ նրանից՝ բանակը կմասնակցեր, թե… Իսկ ո՞վ է ասում, որ ներքին զորքերը ավելի վատ չեն լինելու, իսկ ո՞վ է ասում, որ բանակն ավելի վտանգավոր է, քան ներքին զորքերը, իսկ ո՞վ է ասում, որ մենակ ցույցերի համար է արտակարգ դրությունը…Եվ ընդհանրապես, եթե ինձ հարցնեք՝ մեր երկրում կարգուկանոն է պետք: Չպիտի ամեն մեկը ոտնձգություն անի, շենքեր գրավի, 90 թիվը չի, 90 թվին երկիրն էր փլուզվում, իսկ ո՞վ է ասում, որ ամեն հազար հոգի կարող է գնալ շենք գրավել…»:

Գուրգեն Եղիազարյանն էլ պնդում էր, որ այս օրինագիծը պետք է իշխանություններին՝ իշխանությունը պահելու համար.«Ես ասում եմ՝ այս օրենքը իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին անձամբ է պետք, որ վաղը… նա գիտի թե ինչ է անելու, 5 տոկոսի համար 95 տոկոսը չի  գնալու ձայն տա, բա մարդիկ պետք է մնան իշխանության, չէ՞, բա ի՞նչ պիտի անեն, հո չե՞ն գնալու նստեն… Էս օրենքը դրա համար է պետք, որ հենց պետք լինի, զորքը մտցնեն Երեւան քաղաք: Բայց ասեմ, երբ որ պարոն Ալեքսանյանը հարցնում է՝  ի՞նչ է, ներքին զորքերը բավական չեն, ասեմ, որ բավական չեն, թվաքանակով են զիջում, հետո Հյուսիային Աֆրիկայի իրադարձություները ցույց տվեցին, որ բավական է ներքին զորքերն անցնեն ժողովրդի կողմը եւ կլինի իշխանափոխություն»:

Պարոն Ալեքսանյանը կարծում էր, որ բանակը ներգրավելու կարիք չի լինելու. «Մենք կարծում ենք, ասում եմ անկեղծորեն, որ էս ընտրությունները շատ ավելի արդար են լինելու, շատ ավելի սրվածություն չի լինելու, քան նախորդին»: «Վատ բան է սպասվում»,-ձեռքերը շփելով կանխատեսեց նրա ընդդիմախոսը: «Ոչ մի վատ բան չի սպասվում, մենք լավատես ենք, էդ օրինագիծը վաղուց է շրջանառության մեջ է մտել եւ բացարձակ կապ չունի ընտրությունների հետ: Նախագիծը միայն ընտրութունների, միայն ցուցարարների հետ չի կապվում»:

Գուրգեն Եղիազարյանը, այնուամենայնիվ, մի լավ բան գտավ այդ օրինագծում, եւ հեգնանքով նկատեց, որ օրինագծի ընդունումից հետո այլեւս կարիք չի լինի անկարգությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղից «սպեցնազը» բերել եւ ժողովուրդը չի ասի՝ «ղարաբաղցիները եկան, ջարդեցին» ու դրանով իսկ սեպ չի խրվի մեր ժողովուրդների մեջ, դրա փոխարեն՝ ինչ-որ պետք է բանակը կանի:

 Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031