Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Ղալումյան. Ես ավագանու անդամներին չեմ բաժանում «կողմնակիցների» եւ «հակառակորդների»

Մարտ 01,2012 17:53

Հարցազրույց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ

Իջեւանի ավագանու անդամ Հրաչ Ներսիսյանը հայտարարել է, որ Դուք քաղաքի բյուջեի սեփական եկամուտները նվազեցրել եք 1.5 միլիոն դրամի չափով, երկրորդ ամիսն է մոտենում` աշխատավարձ չեք տալիս մանկապարտեզներին, մշակույթի օջախներին, մարզադպրոցին, թանգարանին եւ դա այն դեպքում, որ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը (Հրաչ Ներսիսյանի հարազատ եղբայրը) անցած տարին փակել է 1.8 միլիոն դրամ մնացորդով: Համայնքի ավագանու անդամների մի մասը պնդում է, որ ջրմուղին հունվար ամսվա համար վճարել եք 800 հազար դրամ, իսկ նախորդ տարիների համար այդ գումարը կազմել է մոտ 600 հազար դրամ: Ի՞նչ կասեք այս առթիվ:

-Քաղաքապետի պաշտոնական լիազորություններս ստանձնել եմ 2011թ. դեկտեմբերի 26-ին: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ, համայնքի վարչական բյուջեում եղել է 1 միլիոն 276.9 հազար , ֆոնդային բյուջեում` 360 հազար 400 դրամ մնացորդ: Վերոհիշյալ 1 միլիոն 276.9 հազար դրամը քաղաքապետարանի բյուջե է փոխանցվել դեկտեմբերի 31-ին, օրվա երկրորդ կեսին, ուստի անհնար էր այդ գումարից որեւէ փոխանցում կատարել: 2012թ. հունվարի           1-ի դրությամբ, քաղաքապետարանն ունեցել է 5 միլիոն 368 հազար դրամ պարտքեր, որից 1 միլիոն 295 հազար դրամը քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկի աշխատավարձի պարտքն է, 301 հազարը` ՔԿԱԳ-ի («ԶԱԳՍ») դեկտեմբեր ամսվա աշխատավարձի, 1 միլիոն 456 հազարը` Իջեւանի երաժշտական դպրոցի, 1 միլիոն 695 հազար դրամը` «Ավանդույթ» ՓԲԸ-ի պահպանման (աշխատավարձի) պարտքը, 624 հազար դրամը` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին ունեցած պարտքը:

2011թ. նախատեսված է եղել մատուցած ծառայության դիմաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին վճարել 1 միլիոն 186 հազար դրամ: 2011թ. նոյեմբերի 28-ի ավագանու նիստով այդ գումարը ավելացվել է 100 հազար դրամով: Անցյալ տարի այդ գումարներն ամբողջությամբ փոխանցվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Սակայն 2011թ. ընթացքում քաղաքապետարանը եւ դրա ենթակայության հիմնարկները օգտագործած ջրի համար նախատեսվածից ավելին են ծախսել 624 հազար դրամ: Քաղաքապետարանն այդ պարտքը մինչեւ այժմ ջրմուղին չի վճարել: Հունվար ամսվա ընթացքում օգտագործած ջրի դիմաց, փետրվարի 24-ին ջրմուղին փոխանցվել է 124 հազար դրամ, իսկ այդ հիմնարկությանը 2011-ից մնացած 624 հազար դրամ պարտքը դեռ պետք է մարվի:

2011թ.-ի համեմատ, այս տարվա բյուջեի նախագծում սեփական եկամուտների «նվազման» մասին հայտնեմ, որ 2011-ի համեմատ համայնքի 2012թ. բյուջեի նախագծում սեփական եկամուտներն ավելացել են 2.3 միլիոն դրամի չափով: Զարմանալի է , որ ավագանու անդամներից ոմանք (նրանց տրամադրվել է բյուջեի նախագիծը) անտեղյակ են այս փաստից: Հավելեմ, որ քաղաքապետարանի եւ կոմունալ ծառայության հիմնարկության աշխատողները ստացել են հունվար ամսվա աշխատավարձը: Իսկ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկները հունվարի աշխատավարձը չեն ստացել ոչ այն պատճառով, որ բյուջեում գումար չկա: Քանի որ ավագանու կողմից համայնքի 2012թ. բյուջեն չի հաստատվել, ուստի «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ առաջնորդվում ենք նախորդ տարվա բյուջեից փաստացի կատարված ծախսերին համապատասխան: Այսինքն` նախորդ տարի այս ժամանակ քաղաքապետարանին ենթակա հիմնարկները հունվարի աշխատավարձը չէին ստացել:

Ավագանու անդամների մի մասը հայտարարությամբ Ձեզ կոչ է արել հարգել ՏԻՄ օրենքի պահանջները եւ երկու օրը մեկ արտահերթ նիստեր չհրավիրել եւ հաշվի առնելով իրենց առաջարկությունները` վերանայել ներկայացված բյուջեն:
-Ավագանու անդամները բյուջեի վերաբերյալ երբեւէ գրավոր առաջարկություններ չեն ներկայացրել: ՏԻՄ օրենքով սահմանված է, որ ավագանու նիստերը հրավիրվում են ոչ պակաս , քան երկու ամիսը մեկ անգամ, նիստերի հրավիրելու հաճախակիության վերաբերյալ սահմանափակում չկա: Նույն օրենքով ավագանու արտահերթ նիստ հրավիրում է քաղաքապետը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի մեկ երրորդի նախաձեռնությամբ: Ավագանու բողոքող անդամները, ովքեր մի քանի անգամ ավագանու անդամ են ընտրվել, պիտի տեղյակ լինեին ՏԻՄ օրենքին:

Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը պնդում է, որ Դուք սպառնալիքներով իրենից խոստովանություններ եք կորզել,նաեւ,  որ ամանորին ինքը ձեր տանը վատ է զգացել, ավագանու վերոհիշյալ անդամներն էլ հայտարարել են, որ անհիմն նյութերով թյուրիմացության մեջ եք գցում իրավապահ մարմիններին:

– Աստղիկ Եգանյանը ամանորին իր երկու հարազատների հետ այցելել է իմ տուն, հյուրասիրվել: Նա մեր տանը չարաշահեց օղին, սեղանի շուրջ վատ զգաց: Պարզապես չեմ ցանկանում այլ մանրամասներ պատմել: Նա սկսեց իր հանդեպ իբր գործադրված սպառնալիքների մասին խոսել այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին, նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կապակցությամբ, 30 օրով կասեցվեց նրա` որպես համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը: Աստղիկ Եգանյանի եւ քաղաքապետարանի աշխատակազմի այլ աշխատակիցների դիմումների եւ զեկուցագրերի հիման վրա իրավապահ մարմիններին են ուղարկվել նյութեր: Քննությամբ կպարզվի դրանցում նշված փաստերում հանցակազմ կա՞, թե՞ ոչ:

Նախկին քաղաքապետի կողմնակից ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը կամ նիստերին ներկայանալով` դեմ են քվեարկում բյուջեի նախագծին: Դրանից տուժում է Իջեւան քաղաքը: Ո՞րն է այս իրավիճակից ելքը:

-Ես ավագանու անդամներին չեմ բաժանում «կողմնակիցների» եւ «հակառակորդների»: Նրանք ընտրված են ժողովրդի կողմից, քվե ստանալով պարտավոր են ժողովրդի ձայնը հասցնել քաղաքապետարան: Եթե ավագանու անդամները բյուջեի նախագծի եւ այլ հարցերի վերաբերյալ առարկություններ ունեն, պետք է ներկայանան նիստերի եւ ներկայացնեն իրենց պահանջները եւ ոչ թե անհիմն բացակայեն նիստերից: Ավագանու որոշ անդամների «լավ աշխատանքի» հետևանքով վտանգված է քաղաքում մի շարք ծրագրերի իրականացումը:

Հարցազրույցը վարեց Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031