Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կարող է գրել Քոչարյանը

Մարտ 01,2012 16:43

Այսօր «Հայելի» ակումբում ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը մի հայտարարություն արեց` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը, ցանկանալով միանձնյա կառավարություն եւ օրենսդիր մարմին ստեղծել, «բզել» է մի շարք գործարարների, որ կուսակցությունները առնեն. «Ժամանակին Քոչարյանը փորձ արեց այդպես «Դաշնակցությունը» վաճառել «Գրանդ Քենդիի» Վարդանյաններին. ասեք` չէ»:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին, ինչպե՞ս չստացվեց այդ առուվաճառքը` Հրանտ Վարդանյա՞նը չցանկացավ գնել, թե՞ Դաշնակցությունը չծախվեց` պարոն Ասատրյանը պատասխանեց. «ՀՅԴն մի քիչ ուժեղ գտնվեց, ավելի ամուր ներքին ռեսուրս ուներ, հաղթահարեց` դուրս եկավ, ինչը չհաջողեց անել Ռամկավար ազատական կուսակցությունը: Դաշնակցության ամրության պատճառով հավանաբար այն չդարձավ քոչարյանական»:

Պարոն Ասատրյանի դիտարկմամբ` Քոչարյանի պատկերացումը ներքաղաքական կյանքի մասին այն էր, որ կայացած անձինք տիրեն որոշ ուժեղ կուսակցությունների, սեփականաշնորհեն, որ ինքը գործարարների միջոցով կարողանա թելադրել բոլորին. «Գործարար անձանց ուզեց կցել կուսակցություններին: Արդյունքում ՀՌԱԿ-ը հրապարակից դուրս եկավ, ցրվեց այդ կուսակցությունը: Լուծումները տրված է եղել այն ժամանակ, ու հիմա թե Սերժ Սարգսյանն ինչ կանի` կերեւա Հանրապետական կուսակցության ցուցակից: Ռոբերտ Քոչարյանն ինքը հրապարակավ ասաց, որ Հանրապետականի ցուցակն ինքն է գրել, հավանաբար այդ ժամանակ նկատի ուներ իր դրած գործարարներին: Հիմա տեսնենք, թող Սերժ Սարգսյանը ցուցակը հրապարակի` գնահատականը կտանք, թե ով է գրել, կերեւա, թե Հանրապետական կուսակցութունն ինչպես է ներկայացված եւ այդ գործարարների հատվածն ինչ է լինելու»:

Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առճակատում, աթոռ զիջելու խնդիր կա՝ հնարավո՞ր է որ Սերժ Սարգսյանը թույլ տա Ռոբերտ Քոչարյանին, որ Հանրապետականների ցուցակը ինքը կազմի` նա պատասխանեց. «Ես առճակատում բառը չէի օգտագործի, շատ զգույշ կլինեի: Չգիտեմ դա առճակատո՞ւմ է, թե՞ ձեւափոխված քաղաքականություն: Ակնհայտ է, որ ինչոր բաներ անում է Սերժ Սարգսյանը` ինչոր փոփոխություններ մտցնելու, բայց ընտրությունները ցույց կտան՝ արդյոք Սերժ Սարգսյանն իրական նպատա՞կ ունի, թե՞ ձեւական բաներ է անում: Քոչարյանի պես ամեն ինչ անելո՞ւ է, որ ներքաղաքական դաշտը ոչնչացնի, դառնա միանձնյա կառավարում, քաղաքական բանավեճ չլինի, ենթարկի իրեն ամեն ինչ, թե՞ կգնա նրան, որ պառլամենտը դառնա քաղաքական մարմին: Քոչարյանի մասով ակնհայտ է, նա ուզում էր պառլամենտը մի հատ դակիչ լիներ ու իսկապես այսօրվա կառավարութունը դակիչ է ըստ էության»:

Բագրատ Ասատրյանը, խոսելով այսօրվա խորհրդարանի մակարդակից, վստահեցրեց, որ եթե 4-րդ դասարանի քննություն նշանակես` պառլամենտի չնչին տոկոսը այսօր կհաղթահարի նվազագույն շեմը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031