Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Մաշտոցի կրպակները չապամոնտաժեն` դրանք կքանդեն քաղաքացիները (Տեսանյութ)

Մարտ 01,2012 15:38

Այսօր Մաշտոցի այգում առավոտյան հավաքվել էին մի քանի բնապահպաններ եւ մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, որոնք հսկում էին կրպակները:

Այգում զբոսնելու եկած 4-ամյա Նարեն ու Վահեն խնդրում էին կարուսելների, կանաչ տարածքների փոխարեն կրպակներ չտեղադրել. «Մենք սիրում ենք այգին»,- վստահեցնում էին երեխաները:

Բնապահպան Գոռ Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել` հավատո՞ւմ են վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որ իրենց համար իսկապես կարեւոր է հանրության կարծիքը եւ հաշվի են նստելու այդ կարծիքի հետ. «Հավատալ-չհավատալու հարց չկա այստեղ, մենք գործով ենք որոշելու՝ ինչը ոնց է կատարվում: Մենք հստակ պահանջները դրել ենք, պահանջում ենք, որ դրանք իրականացվեն: Մեր պահանջն է` անհապաղ կրպակներն ապամոնտաժել, այգին բարեկարգել եւ հանրային տարածքը վերադարձնել հանրությանը: Դա իշխանությունների բարի կամքի դրսեւորումը չէ: Տպավորությունն այնպիսին է,որ իշխանությունները կամ քաղաքապետարանը ինչ-որ բարի գործ պետք է կատարի: Սա նրանց պարտականությունն է: Երբ նշում են, որ այս այգին բարեկարգ չի եղել, դա նրանց խնդիրն է, որ ժամանակի ընթացքում ուշադրություն չեն դարձրել դրան ու հասել է այդ վիճակին»:

Ըստ ակտիվիստների, այգում որեւէ ձեւ չի կարող լինել խանութ կամ առեւտրային կրպակներ: Հարցը ժամանակավորի մեջ էլ չէ: Գոռ Հակոբյանի մեկնաբանությամբ` «Չի կարելի ժամանակավորապես ինչ-որ մեկին խոշտանգել կամ չխոշտանգել: Նշվել է, որ խանութները կառուցում են փոխհատուցման համար, սակայն մենք դեռեւս չգիտենք` արդյոք օրինակա՞ն են եղել Աբովյան փողոցում տեղադրված խանութները: Քաղաքապետի փետրվարի 21-ի հայտարարութան մեջ նշված է, որ այդ կրպակները տեղադրված են եղել հանրային կանաչի եւ հանրային տարածքի վրա: Փաստ է դառնում, որ այն ժամանակ տված թույլտվություններն անընդունելի են եղել: Չի կարելի մասնավոր շահը գերադասել հանրային տարածքից: Մինչեւ այդ հարցը չպարզվի, չհասկացվի` դրանք արդյոք ենթակա՞ են փոխհատուցման, նոր դրանից հետո գալիս է ժամանակավորի եւ այլ հարցերը»:

Բնապահպանը նշեց, որ սա խուճուճ պատմություն է, շատ պատասխանատու մարմինների խոսքն իրար հակասում է, օրինակ` Հանրային խորհրդում գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ դրանք քաղաքի սեփականությունն են եւ փոխհատուցման հարց չկա, իսկ քաղաքապետը փետրվարի 21-ին այլ բան հայտարարեց` ասելով,որ պետք է փոխհատուցեն:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` եթե ձեր պահանջները չկատարի իշխանությունը, ի՞նչ քայլերի կդիմեք, հնարավո՞ր է ժողովուրդն իր ձեռքով քանդի կրպակը` ակտիվիստներն ասացին, որ ամեն ինչ կորոշվի տեղում, ոչինչ չեն ծրագրում, բայց եթե պահը հասունանա` հնարավոր է նաեւ նման բան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031