Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` «Մարտի 1»-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի եւ բանակի ապօրինի ներգրավման արդյունքում եւս 2 զինվորականի կյանքը: Հանուն մի քանի իշխանավորների աթոռներն անսասան պահելու եւ դրանք յուրայիններին փոխանցելու` գործող վարչակարգը հարյուրավոր քաղաքացիների պատճառեց մարմնական, այդ թվում հրազենային վնասվածքներ:
2008-ից չորս տարի անց մարտիմեկյան զոհերի հարազատների ցավը մնում է չամոքված, ոճիրի պատասխանատուները տակավին չեն կանգնել արդարադատության առջեւ: Ոճիրը հետաքննող միջազգային ատյանների ճնշման ներքո ձեւավորված Փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցումը հստակ ցույց տվեց մարդասպաններին բացահայտելու` իշխանության քաղաքական կամքի բացակայությունը: Իսկ վերջերս կառավարության կողմից Ազգային ժողով բերված օրենքի նախագծով նման դեպքերում բանակի հակասահմանադրական ներգրավումն օրինականացնող փաստաթուղթը ակնհայտ է դարձնում հետագայում եւս հակապետական այսօրինակ գործողությունները կրկնելու` իշխող կոալիցիայի անսքող մտադրությունը:
«Ժառանգությունը» սգում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ միասին` հայտարարելով, որ մինչեւ վերջ պահանջելու է հանցագործության բացահայտումը եւ հետամուտ է լինելու, որպեսզի խնդրի արդարացի հանգուցալուծումը դառնա նոր իշխանության առաջնահերթություններից մեկը: «Մարտի 1» իրագործած եւ մինչ օրս մարդասպաններին պարտակող իշխանություններին ժողովուրդը պետք է հեռացնի: Սա է օրվա պատվիրանն ու հրամայականը:
«Ժառանգություն» կուսակցություն
Կարդացեք նաև
1 մարտի 2012թ.
Երեւան