Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ը հիշում էին, բայց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ընդունեցին

Մարտ 01,2012 14:34

Արդեն հաղորդել ենք, որ ՀՀ խորհրդարանն այսօր ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախ 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո, մինչ նիստերը վարող ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի կողմից օրինագիծը քվեարկության դնելը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վարման կարգի հետ կապված ձայն խնդրեց եւ լրագրողներին հորդորեց շատ ուշադիր լինել եւ ֆիքսել, որ բոլոր պատգամավորները քվեարկեն միայն իրենց փոխարեն. «Միգուցե, դա չօգնի, բայց, այնուամենայնիվ, սա կարեւոր օրենք է, եւ ես խնդրում եմ որպեսզի բոլորը քվեարկեն իրենք իրենց փոխարեն»:

Քվեարկությունից առաջ խոսեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա հիշեցրեց, որ այսօր «Մարտի 1»-ի դեպքերի չորրորդ տարին է լրանում: «Հիշելով այդ օրն ու արտակարգ դրությունը, որը հայտարարվեց նաեւ մեր մասնակցությամբ, ես կցանկանայի, որ ԱԺ նախագահությունը խուսափեր նման հարցը քվեարկության դնել այն նույն օրը եւ այն նույն տեսքով, որ մեզ հիշեցրեց «Մարտի 1»-ը»,-հայտարարեց Ստեփան Սաֆարյանն ու խնդրեց քվեարկությունից հետո քվեարկության պատկերը պահել ցուցատախտակի վրա:

Իր ընդդիմախոս գործընկերների ելույթներին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը. «Կարծում եմ, պետք չէ լրացուցիչ ջանքեր գործադրել եւ ինչ-որ բաներ բացատրել, առավել եւս զոհերի հիշատակը քաղաքականացնել եւ տեղին ու անտեղին օգտագործել: Մենք շատ լավ այդ ամեն ինչը հիշում ենք եւ հարգում ենք մեր ընդդիմախոսների ցանկացած կարծիք: Խնդրում եմ` դուք էլ հարգեք նաեւ մեր տեսակետը եւ այստեղից-այնտեղից մեջբերումներ մի արեք»:

Այսուհանդերձ, Նիկոյանը չէր շտապում օրինագիծը քվեարկության դնել, նա նույնիսկ հայտարարեց, թե քվեարկությունից առաջ ձայն է տալիս օրինագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցչին` արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին, որը արված առաջարկների վերաբերյալ ինչ-որ բան է ուզում ասել: Տպավորությունն այն էր, թե Նիկոյանն ուզում է ժամանակ ձգել` նիստերի դահլիճում անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայությունն ապահովելու համար, բայց առավել եւս ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի դիտողությունից հետո, թե ըստ ԱԺ կանոնակարգի՝ քվեարկությունից առաջ որեւէ ելույթ չի կարող լինել եւ նույնիսկ չպետք է լինեին վարման կարգի վերաբերյալ ռեպլիկները` Նիկոյանը վիճահարույց օրինագիծը դրեց քվեարկության, որն ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» եւ 0 «ձեռնպահ» ձայներով: Անհատական քվեարկությունների պատկերը կարող եք տեսնել այստեղ:

Արդեն քվեարկությունից հետո պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ակնարկեց, թե էլի ուրիշի փոխարեն քվեարկող է եղել, բայց այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց կոնկրետ փաստերով եւ անուններով ասել, թե ով ում փոխարեն է քվեարկել, եւ պատասխան չստացավ` հարցը փակված համարեց եւ խորհրդարաննն անցավ հաջորդ օրինագծի քննարկմանը:

 Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031