Այսօր «Ազդակ» ակումբում տեղի ունեցավ «Կմեկնի Հայաստանը Բաքու 2012թ.-ի «Եվրատեսիլին», թե ոչ» թեմայով ասուլիս, որին մասնակցեցին հայկական էստրադայի ներկայացուցիչներ Ալլա Լեւոնյանը եւ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Երգչուհին իր բացասական կարծիքը մեկնաբանեց հետեւյալ կերպ.
«Ես ի սկզբանե դեմ էի: Ազգային արժեքները պետք է պահպանենք, չի կարելի «Եվրատեսիլը» ավելի բարձր դասել, քան մեր ինքնասիրությունը, պատիվը: Ես խեղդված լացով եմ տանում այն ամենը, ինչ ադրբեջանցիները արեցին մեր հանդեպ: Նրանք տհաճ, ստոր, վատ բաներ են անում, սպանում են մեր եղբայրներին եւ մենք վեր կենանք ու գնանք երգելո՞ւ: Կարծում եմ՝ երգով ինչ-որ բան չենք ապացուցում: Մենք չենք վախենում, թող վախենան իրենք եւ ամաչեն, որ մեր հասցեին արտահայտվում են նման կերպ. «Հայերի ելույթից հետո, բեմը ժավելով կսրբենք»:
Իրենք սրբություն չունեն … Ինձ համար, կարեւորը ճիշտ որոշում կայացնելն է: Եթե նույնիսկ իմանանք, որ հաստատ հաղթելու ենք, պետք չէ մասնակցել, պետք է արհամարհենք»:
Կարդացեք նաև
Արսեն Գրիգորյանն էլ հետեւյալ կարծիքի է. «Եվրատեսիլը» կենաց-մահու հարց չէ, պարզ է, որ մենք չենք մասնակցելու, ուղղակի այս ամենը արժանապատվության խնդիր է: Հայ երիտասարդներին սպանելու համար Ադրբեջանում պաշտոնի բարձրացում է կատարվում, այսպիսի փաստերը մեր ձեռքին են, մենք պարտավոր ենք հասկանալ, որ չի կարելի նման երկիր գնալ: «Եվրատեսիլին» դեմ չենք, կարելի է մասնակցել հաջորդ տարի, բայց ոչ հիմա ու ոչ Բաքու: Երբ նենգ ադրբեջանցին կացնահարում ու գնդակահարում է քո հարազատին, անմեղ արյուն է թափվում, այս հարցը թողնենք ու գնանք երգելո՞ւ»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք մշակույթի համար սահմաններ կա՞ն, Մրոն պատասխանեց. «Մեր վեհ պատմությամբ չպետք է հավասարվենք թուրքերին կամ ադրբեջանցիներին, այս տարբերակում բացառություն ու սահման պետք է դրվի: «Եվրատեսիլը» քաղաքականացված շոու է, որովհետեւ այն երկրները, որոնք հարեւաններ են, միավորներ են իրար փոխանցում՝ չնայելով կատարմանը կամ ելույթին, դա մշակույթ չէ, ուղղակի շոու-բիզնես է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ