Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 31 ՕՍ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս–Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ–ի հատվածում՝ Սարդարապատ գյուղ չհասած, բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 28 ՍՏ 275 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով «Մերսեդես»–ի վարորդն ու ուղևորներից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես»–ի ուղևորուհիներից մեկը տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «ՎԱԶ 2106»-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել ավտոմեքենայի հետ կապված և երբ վարորդը կարգավորելիս է եղել ավտոմեքենան, «Մերսեդես»–ը բախվել է «ՎԱԶ 2106»-ին։
Կարդացեք նաև
Այս պահին ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը։ Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի, վիրավորների ու վարորդների ինքնությունը։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ նաև «Մերսեդես»–ի վարորդը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ