Փետրվարի 27-ին Պլովդիվի Dedeman Trimontium Princess հյուրանոցում կայացել է Ստիլիան Իվանովի «Բարի գալուստ Թուրքիա» ֆիլմի շնորհանդեսը, որին անդրադարձել է նաեւ տեղական gustonews.bg կայքը: Շնորհանդեսին եւ դրան հետեւող ֆուրշեթին թուրք հյուպատոս Ռամիս Շենի հետ մասնակցել է Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը: Վերջինս Պլովդիվի եկեղեցական վարչության նախագահն է: Պլովդիվի պատվո հյուպատոսի մասնակցությունը ֆիլմի ցուցադրությանը հարուցել է տեղի հայ համայնքի զայրույթը: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին հայկական համայնքի ներկայացուցիչները, Իվանովի ֆիլմը պատմում էր Անատոլիայի ժողովուրդների մշակույթների մասին եւ խոսք անգամ չէր հնչում հայերի վերաբերյալ: Ֆիլմում անդրադարձ կար նաեւ Վանի Աղթամար կղզու սուրբ Խաչ եկեղեցուն ու Անի մայրաքաղաքին՝ առանց դրանց ծագումը նշելու: Ըստ բուլղարահայերի, պարոն Ուզունյանը անգամ փորձ չի արել բարձրաձայնել, որ Անիի փլատակները մասն են հայկական հնագույն մայրաքաղաքի: «Փաստորեն՝ Եղիազար Ուզունյանը սուրճ է խմում թուրք հյուպատոսի հետ եւ դրանով գովազդում է զբոսաշրջությունը Անատոլիայում… Ինչո՞ւ է լռում ՀՀ արտգործնախարարությունը, Եղիազար Ուզունյանը Հայաստանի՞ պատվո հյուպատոսն է, թե՞ Թուրքիայի ներկայացուցիչը Պլովդիվում»,- ասվում է «Առավոտին» ուղարկված նամակում:
Բուլղարիայի հայ դատի հանձնախմբի համանախագահ Սահակ Չալըկյանն էլ մեր թերթին հայտնեց, որ հայկական միջոցառումներին, անգամ ապրիլքսանչորսյան երթերին մշտապես չմասնակցող պատվո հյուպատոսի գործելակերպը լուրջ խոչընդոտ է իրենց հայանպաստ աշխատանքներին եւ ցեղասպանության ճանաչման պայքարի դեմ ուղղված քարոզչություն. «Զարմանալի է, արդյո՞ք նա այդ քայլերին գիտակցաբար է դիմում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ