Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական որոշում, թե՝ դաս քաղաքական գործիչներին

Մարտ 01,2012 13:49

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը ճանաչել է հակասահմանադրական: Այս չափազանց առանցքային իրադարձության առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրով դիմել ենք Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին:

– Այս որոշումը ցնծությամբ ընդունելով՝ թուրք պաշտոնյաները, հատկապես Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Սահմանադրական խորհուրդը լավ դաս տվեց Ֆրանսիայի քաղաքական գործիչներին»: Կարծես՝ թուրք գործիչները իրենց նախկինում հնչած մերկապարանոց հայտարարությունների համար լուրջ իրավական հիմք ձեռք բերեցին:

– Զուտ իրավական չափանիշներով, իսկ դրանց հիմքում հարկ է ներառել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված ՄԻԵԴ-ի՝ արտահայտվելու ազատության պաշտպանության առնչությամբ նախադեպային դատական ակտերը, Ֆրանսիայի սահմանադրական դատարանը ոչ թե դաս տվեց քաղաքական գործիչներին, այլ հենց ինքը հայտնվեց բացառապես քաղաքական որոշում կայացնողի վիճակում: Վերջին հաշվով, արտահայտվելու ազատությունը բացարձակ չէ եւ հիշյալ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթակա է սահմանափակման, ընդհուպ պատժամիջոցներ սահմանելով. «պետական անվտանգության, տարածքի ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաեւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Սահմանադրական խորհրդի հիմնական պատճառաբանություններից է այն, որ միայն միջազգային դատարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչված ռազմական հանցագործությունները կարող են պատասխանատվություն առաջացնող նորմատիվ օրենքների հիմքում դրվել: Սակայն չպետք է անտեսել, որ 1915թ. ողբերգությունն իրենց դատական ակտերում, այդ դեպքերից շատ չանցած, միանշանակ համարժեք նկարագրել ու քրեական պատասխանատվություն են սահմանել հենց Թուրքիայի դատական ատյանները: Ընդ որում՝ Թուրքիայի դատարանները չեն օգտագործել «ցեղասպանություն» բառը ոչ թե նրա համար, որ այդ հանցագործությունները չեն ճանաչել, որպես այդպիսին, այլ, որովհետեւ այդ տերմինը անհրաժեշտ բովանդակությամբ դեռ շրջանառության մեջ չի եղել:

Եթե թուրք գործիչները շատ են հրապուրված «աշխարհի արխիվները» բացելու գաղափարով, ապա առաջին հերթին թող բացեն հենց իրենց արխիվները եւ ուշադրությամբ ծանոթանան 20-րդ դարի սկզբներին իրենց իսկ դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերին, ինչի արդյունքում եզրակացությունը մեկն է լինելու. Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ շուրջ 90 տարի առաջ: Եթե Թուրքիան չի հարգում իր դատարանի որոշումները, սա ակնկալելի է, սակայն հասկանալի չէ, թե ինչո՞ւ են դրանք անտեսվում Սահմանադրական խորհրդի կողմից:

– Պարոն Դանիելյան, եթե իրավական տեսանկյունից խնդիրը խոցելի չէր, ապա ինչո՞ւ են թերացել արտաքին քաղաքականության մեր պատասխանատուները. մամուլում արդեն մեղադրանքներ են հնչում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին՝ նվազագույնը մատնանշելով նրա անիրազեկվածությունը եւ դեպքերը հսկողության տակ պահելու ունակության բացակայությունը:

– Սա այն դեպքն է, որ մեր արտերկրի հայրենակիցներից, Ֆրանսիայի քաղաքական գործիչներից ու իրավագետներից զատ, նաեւ մեր երկրի արտգործնախարարին անվերապահորեն պետք է երախտապարտ լինենք՝ նկատի ունենալով նրա անձնական ներդրումը: Ինչ վերաբերում է դեպքերի վրա ազդելու կամ դրանք հսկողության տակ պահելու մեղադրանքներին, ապա չմոռանանք, որ խոսքը դատական ատյանի (տվյալ դեպքում՝ բարձրագույն) մասին է, եւ, ցավոք, միայն որոշակի փորձով թելադրված հոգեբանական իներցիան կարող է տրամադրել այդպիսի դատողությունների ծագմանը:

– Ինչ եք կարծում, մենք անդառնալիորեն պարտվե՞լ ենք, թե՞ հանգուցալուծման բանալին դեռ կա:

– Ցավում եմ, սակայն այս փուլում համաձայն եմ «պարտության» գնահատականի հետ, թիրախ են դարձել համայն ժողովրդավարության ու քաղաքակրթության արժեքները: Մյուս կողմից, ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, կառավարությանը հանձնարարվել է մշակել օրենքի նոր նախագիծ՝ Սահմանադրական խորհրդի որոշման հաշվառմամբ: Այս դեպքում արդեն հարցադրումները շատ են, սակայն առանձնացնենք երկուսը՝ ա) կոնկրետ ինչպիսի՞ խմբագրական փոփոխությունների կենթարկվի օրինագիծը եւ բ) հնարավոր կլինի՞, արդյոք, խորհրդարանական ընթացակարգով մինչեւ մարտի 6-ը՝ նստաշրջանի ավարտը, պատրաստել ու քննարկել նոր օրինագիծ (Ֆրանսիայի օրենսդրությունը թույլատրում է հրատապ ընթացակարգ):

– Սահմանադրական խորհրդի որոշմամբ կասկածի տակ դրվո՞ւմ է, արդյոք, Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի 2001թ. փետրվարի 28-ին ընդունված օրենքի իրավաչափությունը:

– Ոչ: Ի դեպ, Ֆրանսիայի պատգամավորներից շատերը այդպիսի մտավախություն ունեին ու վերջին շրջանում բազմիցս էին արտահայտվում: Այդ հույսը փափագում էին նաեւ թուրքերը, մատնանշելով նախկին արդարադատության նախարար Ռոբերտ Բադենթարի կարծիքը, ըստ որի՝ «Խորհրդարանը դատարան չէ»: Ի դեպ, սա եւս վկայում է այն մասին, որ Սահմանադրական խորհրդի որոշումը առավելապես քաղաքական է. երկրի օրենսդիր մարմինը ամրագրում է, որ 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն են, մինչդեռ, ըստ Սահմանադրական դատարանի՝ ռազմական հանցագործությունը, որպես ցեղասպանություն, կարող է գնահատել միջազգային դատարանը: Այսպիսի փաստարկով ղեկավարվող դատական ատյանը չէր կարող չանդրադառնալ 2001թ. փետրվարի 28-ին ընդունված օրենքին, եթե կաշկանդված չլիներ յուրովի ընկալվող քաղաքական շահերով:

– Առավել լուրջ մտահոգության տեղիք են տալիս Ֆրանսիայի որոշ քաղաքական գործիչների այն պնդումները, ըստ որի՝ այս բոլորը նախատեսված քաղաքական քայլ էր՝ միտված ներքին սպառողներին:

– Դա արդեն հետագա զարգացումները ցույց կտան, սակայն դրան քիչ եմ հավատում:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031