Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է կոմբինիզոն կրել, բայց բուն նպատակին ծառայել»

Մարտ 01,2012 13:44

Ասում է Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանը

Դեռեւս մի քանի ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Տիկնիկային թատրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նեղսրտեց, թե՝ ո՞վ է տեսել, որ խնդիրների մեջ թաղված, դատարկվող մարզից մի ընդդիմադիր, հարցերը տեղը տեղին բարձրացնող պատգամավոր չլինի խորհրդարանում:

ԱԺ ընտրությունների նախաշեմին «Առավոտ»-ը Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է արդյոք թեկնածուներ առաջադրել Գյումրիից, եղե՞լ են այդպիսի քննարկումներ ՀԱԿ-ի վերնախավում, եւ ի վերջո՝ հանրապետության երկրորդ քաղաքը գոնե ձեւի համար մեկ ընդդիմադիր պատգամավոր ունենալո՞ւ է: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն է այդ մասին բարձրաձայնում, ուզում եմ հռետորական հարց ուղղել՝ թե ինչո՞ւ այս պահին ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության մեջ Գյումրիից ներկայացուցիչ չկա: Իսկ ՀԱԿ-ում էս պահին կոնկրետ որոշում չկա, տեղի են ունենում քննարկումներ, չեմ բացառում, որ քննարկումների արդյունքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվողներ լինեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացառելով նաեւ իր թեկնածության առաջադրումը:

Իսկ թե որ ընտրատարածքում ու ում դեմ կպայքարի գնդապետ Զաքարյանը՝ վերջինս այսպես պատասխանեց. «Չէի ուզենա անձնավորել, իմ պայքարը ռեժիմի, իշխանության դեմ է, իսկ թե ով կլինի իշխանական թեկնածուն, հավատացեք՝ ինձ բացարձակապես չի հետաքրքրում»: Մեր զրուցակիցը միաժամանակ նշեց, որ եթե ինքը, այնուամենայնիվ, առաջադրվի, ապա ամենայն հավանականությամբ իր թեկնածությունը կառաջադրի թիվ 33 ընտրատարածքում, որտեղ տարիներ շարունակ պայքարում են ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, եւ այս օրերին, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննես Մարգարյանն արդեն իսկ հանդիպումներ է կազմակերպում ու ակտիվ քարոզարշավ անցկացնում Աշոցքի ու Ամասիայի շրջանի գյուղերում:

Նշենք, որ այդ ընտրատարածքը Հովհաննես Մարգարյանի պապենական՝ Գյումրու «Տեքստիլագործների» թաղամասից բացի՝ ընդգրկում է նաեւ Աշոտ Աղաբաբյանի ծննդավայրը՝ Աշոցքը՝ իր ամբողջ 25 գյուղերով, ինչպես նաեւ Ամասիայի 19 գյուղերը: Այսինքն՝ ՀԱԿ համակարգողի համար հեշտ չի լինելու. նա միանգամից պայքարելու է երկու իշխանական թեկնածուների դեմ: Մենք Աշոտ Զաքարյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ եթե ՀԱԿ-ը դեմ է մեծամասնական ընտրակարգին եւ նախորդ օրն էլ այս թեմայով խորհրդարանի դիմաց կռիվ էր տալիս «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ, ապա ինչպե՞ս է համաձայնում թեկնածուներ առաջադրել իր իսկ կողմից չընդունված ընտրակարգով: «Ի սկզբանե ՀԱԿ-ը այս մասին պաշտոնական հայտարարություն արել էր, բայց մենք վստահ չենք, որ ԱԺ-ն կբացառի մեծամասնական ընտրակարգը, այդ պատճառով էլ հնարավոր է՝ թեկնածուներ առաջադրենք հենց այդ ընտրակարգով: Ես ասում եմ` հնարավոր է: Իսկ նախորդ օրը կազմակերպված բողոքի ակցիան ընդդիմադիր դաշտի հետ համագործակցելու տարբերակներից մեկն է»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Գյումրիից հնչած այն կարծիքներին, թե ՀԱԿ-ն էլ, ՀՀԿ-ի պես, Շիրակի մարզում վարկանիշ չունի, կորցրել է ժողովրդի վստահությունը: «Նման ձեւակերպման հետ համամիտ չեմ, ճիշտ է՝ կա որոշակի վստահության անկում, եւ դա պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը ավելի մեծ ակնկալիքներ ուներ եւ վայրկյան առաջ էր ուզում փոփոխություններ տեսնել: Ես համոզված եմ, որ այսօր էլ ժողովուրդը հույսը կապում է ՀԱԿ-ի հետ: Եթե ժողովուրդը իր ապրելակերպից դժգոհ է, ապա իր հասանելիք գործողությունը պիտի իրականացնի ընտրություններին մասնակցելով ու էս իշխանությանը անվստահության քվե հայտնելով: Բնականաբար, իշխանությունները փորձելու են ընտրությունները կեղծել, բայց մենք վստահաբար պահելու ենք ՀԱԿ-ի ձայները»,- ասաց Գյումրու ՀԱԿ համակարգողը:

Հաշվի առնելով, որ Աշոտ Զաքարյանը երկար տարիներ զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը՝ նրանից նաեւ կարծիք հարցրինք, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանության հատուկ գնդերի մեջ «բոյով, թափով, տեսքով» տղաների ընդգրկմանն ու նաեւ ոստիկանական համազգեստի փոփոխմանը, ասենք՝ սպիտակ աղավնի զինանշանով: «Ես կզարմանայի, եթե Վովա Գասպարյանը փոխոխություններ չկատարեր, ես ի վերջո 7 տարի աշխատել եմ նրա հետ եւ բավականին լավ եմ ճանաչում նրան: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում նման փոփոխություններին, թող փոխվեն ինչպես անձնակազմը, այնպես էլ համազգեստը, ի՞նչ վատ կլինի, որ գեղեցիկ համազգեստ կրեն մեր ոստիկանները, պրոֆեսիոնալ, արտաքին չափորոշիչներին համապատասխանող կադրեր ընդգրկված լինեն, այլ հարց է, թե որքանով փոփոխությունները կնպաստեն համակարգի բարեփոխումներին: Կարեւորը հագուստի կամ խորհրդանիշի փոփոխությունը չէ, կարեւորն այն է, թե ինչքանով է ոստիկանությունը ծառայում իր բուն նպատակին, իհարկե՝ կամբինիզոն էլ կարելի է կրել»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031