Ընդդիմության ներկայացուցչի գնահատմամբ՝ այո, ՀՀԿ-ականի համոզմամբ՝ ոչ
Անցած շաբաթավերջին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց մայիսի 6-ին կայանալիք ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների, այդ թվում՝ քաղաքական ուժերի քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը:
Բայց ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, շտապում է եւ որոշել է չսպասել նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին: Նա արդեն իսկ մեծ թափով քարոզարշավ է սկսել իր կուսակցական վարչապետի, կառավարության այլ անդամների ակտիվ մասնակցությամբ, որոնք ընտրողներին ավելի լավ կյանք են խոստանում, իսկ դա լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների, այդ թվում եւ մասնավորապես՝ Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի լրատվական ծրագրերով: Օրինակ՝ կիրակի երեկոյան եւ երկուշաբթի առավոտյան Հ1-ի «Հայլուր» ծրագրով հեռարձակված ռեպորտաժը պատմում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման մասին, մեկ այլ ռեպորտաժում ցուցադրվեցին կադրեր, որտեղ ՀՀԿ-ի զինանշանով եւ դրոշներով զարդարված սպիտակ ավտոբուսը ուղղություն վերցրեց դեպի Տավուշի մարզ: Արարատի մարզում, օրինակ, վարչապետը բնակիչների եւ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, կոալիցիոն գործընկերների հետ ձեւավորել է կառավարություն, «ինչը նշանակում է, որ պարտավոր են իրենց ընտրողներին ներկայացնել նախորդ հինգ տարիներին կատարված աշխատանքերը», նաեւ խոսել էր գյուղացիներին հուզող խնդիրների մասին՝ ոռոգման համակարգի արդիականացում, հիփոթեքային վարկերի մատչելիություն, տարածքների համաչափ զարգացում, ու խոստացել էր, որ ներկայացված բոլոր հարցերը շուտափույթ լուծումներ կստանան, եւ որ «կյանքը գյուղերում հարմարավետ կդառնա», եւ այլն:
Կարդացեք նաև
Արդյոք վարչապետի՝ մարզեր կատարած այս «վուայաժները» ՀՀ Սահմանադրության («Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»), «Ընտրական օրենսգրքի» եւ «Կուսակցությունների մասին» օրենքի («Հոդված 10. Կուսակցությունների անդամները, որոնք ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի») խախտում չէ՞: Ի դեպ, այդ մասին օրերս ահազանգել էր նաեւ «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հ/կ-ն, որը «2012-ի «օրինական» ընտրություններում խախտումների սկզբի մասին» բողոք է ներկայացրել ԿԸՀ:
Վերոհիշյալ փաստերի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով մեր հարցին, թե՝ իր կարծիքով, այսօր քաղաքական ուժերը հավասա՞ր ստարտային պայմաններում են թեւակոխում ընտրական փուլ, ասաց. «Նախ՝ ըստ օրենքի, նախընտրական շրջանը դեռ չի սկսվել, եւ ցանկացած քարոզչություն պետք է դիտարկել այդ օրենքի տրամաբանության մեջ։ Ակնհայտ է, որ իշխանությունը իր ձեռքի տակ միշտ ունի հավելյալ ռեսուրս՝ ի դեմս զանգվածային լրատվության միջոցների եւ հանրային ռեսուրսների: Այլ բան է, որ գոնե նախընտրական շրջանում, երբ օրենքով նախատեսված շրջափուլն է սկսվում, ռեսուրսները լինեն հավասարաչափ եւ հասանելի բոլորի համար, նույն հնարավորության սահմաններում։ Այսօր բնական է, որ ստարտային պայմանները պետք է գնահատել անհամաչափ, որովհետեւ թե իշխանությունը՝ ի դեմս կոալիցիոն կառավարության, թե իշխող քաղաքական ուժն ավելի շատ հնարավորություններ ունի եւ օգտագործում է։ Բայց ես չեմ կարծում, որ հասել ենք ժողովրդավարության այն մակարդակին, որ այդ հնարավորությունները բացարձակ հասանելի կլինեն բոլորի համար։ Ես շատ ուրախ կլինեմ, որ գոնե նախընտրական շրջանում, օրենքով նախատեսված շրջափուլում բոլորն ունենան հնարավորություններ իրենց տեսակետները, մոտեցումները արտահայտելու համար եւ չկպնեն հանրային ռեսուրսին այն ձեւով, ինչպես հիմա անում են իշխող քաղաքական ուժերը»։
Պատգամավորը հիշեցրեց, որ առիթ է ունեցել մի քանի անգամ անդրադառնալու այս թեմային ու գտնում է, որ «ՀՀ վարչապետը, մի շարք նախարարներ այսօր խախտելով օրենքը իրականացնում են քաղաքական քարոզչություն՝ օգտագործելով հանրային ռեսուրսները. այն, ինչ թե’ Սահմանադրությամբ, թե’ ՀՀ օրենսդրությամբ արգելված է»։ Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, այլ բան, որ այս օրինախախտումների համար պատասխանատվությունն օրենքով սահմանված չէ: «Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ որպեսզի պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, այն պաշտոնատարները, որոնք կփորձեն կամ փորձում են, իրականացնում են օրենքով նախատեսված պահանջների խախտումներ՝ ի հակադրություն Սահմանադրության եւ գործող օրենսդրության»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, թե մեր օրենսդրությունը նախատեսեում է «ժողովրդավարական կարգերում առավել ընդունելի ձեւերով գործողություններ»։ Մյուս կողմից, սակայն, դաշնակցական պատգամավորը կարծիք հայտնեց, թե մեր իրականությունն այնպիսին է, որ «չես էլ կարող անպայման պնդել, որ իրենք դա չիրականացնեն, որովհետեւ դրա արրդյունքում տուժելու են մեր քաղաքացիները։ Այսինքն, իշխանությունն այն վիճակին է հասցրել մեզ, որ ակամայից օրենքի խախտումը մեր քաղաքացիների որոշակի զանգվածի համար օգտակար է դառնում՝ ի հակադրություն այլ բանի՝ ժողովրդավարական հասարակության ձեւավորման մղումի»։
Մենք ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին էլ հարցրինք՝ արդյոք շուտ չե՞ն սկսել եւ օրենքի խախտումով չէ՞, որ ի դեմս երկրի ՀՀԿ-ական վարչապետի՝ լայնածավալ քարոզչություն են իրականացնում, արդյոք դրանով չե՞ն խախտվում նախընտրական քարոզչության մյուս ուժերի հավասար ստարտային պայմանները: «Նախ՝ ինչ վերաբերում է ստարտային հավասար պայմաններին, ապա տարբեր քաղաքական ուժեր կան Հայաստանում, եւ յուրաքանչյուրն ինքն է տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրում նախընտրական եւ քարոզչության ժամանակահատվածում իր ռազմավարությունն ու մարտավարությունը՝ ներկայացնում ծրագրեր, բուկլետներ բաժանում եւ այլն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին եւ սպիտակ ավտոբուսին, ապա, որքան հիշում եմ, այդ այցերը տեղի են ունեցել ոչ աշխատանքային օրերին եւ ոչ աշխատանքային ժամերին: Ձեր մատնանշած ավտոբուսն էլ, ի դեպ, վարձակալված էր եւ ծառայողական մեքենաների շարքին չի դասվում, որով նախարարները կամ պատգամավորներն օգտվում են»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա՝ այդ այցերը որեւէ կերպ չպետք է տեղավորել նախընտրական քարոզչության շրջանակներում եւ առավել եւս օրինախախտում համարել, որովհետեւ դրանց նպատակն այլ է. «ՀՀԿ-ն, ի դեմս երկրի նախագահի, բազմիցս նշել է, որ բաց է մեր թերությունների, բացթողումների մասին խոսելու համար, եւ այս առումով որեւէ բարդույթ չունի: Այդ այցերը իրականացվել են հենց այս համատեքստում: Այսինքն՝ մենք մեր նախընտրական ծրագիրը կազմելուց եւ այն հանրությանը ներկայացնելուց, քարոզարշավը պաշտոնապես սկսելուց առաջ, իսկ դրա համար կա հստակ սահմանված ժամկետ՝ մինչեւ ապրիլի 6-ը, բոլոր մարզերի հիմնական բնակավայրերում, հարակից գյուղերում բնակիչների հետ կազմակերպում ենք մեր իսկ ծրագրերի ներկայացում եւ քննարկում, որովհետեւ ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կազմելու ենք մեր նախընտրական ծրագիրը: Սա յուրահատուկ բաց քննարկում է, եւ այն հարցադրումները, որոնք կլինեն այդ քննարկումների ժամանակ, հավաքվում, ներկայացվում են մեր նախընտրական շտաբին, որտեղ քննարկվում է, թե դրանցից որը կարող է ընդունելի լինել, եւ որն է դրա իրականացման ճանապարհը, որպեսզի հետագայում տեղ գտնեն մեր ծրագրում: Սա նախընտրական քարոզչություն չէ: Սա նոր ոճ եւ նոր ձեւ է»:
Եվ վերջում մեջբերենք «Ընտրական օրենսգրքի» հոդված 18-ը, ըստ որի՝ նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքներից մեկն էլ այն է, որ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված՝ այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Իսկ, ըստ օրենքի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կոնկրետ դեպքում, ըստ օրենքի, համարվում է ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածը: Չի բացառվում, որ այսօր ԿԸՀ-ն, որը քննարկելու է հ/կ-ի բողոքը, հենց այս կետն էլ վկայակոչի՝ վարչապետի գործողություններում ԸՕ-ի խախտում չտեսնելու համար:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ