Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեմնեբիի վախվորած վարքագիծը» այլեւս օրինակ չի ծառայի

Մարտ 01,2012 13:34

ԼՂՀ  նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ ԵՄ-ն «առեւտուր» է անում Հայաստանի հետ՝ ԱԺ ապագա կազմի վերաբերյալ:

«Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» անվանմամբ նախագիծը ԼՂՀ հարցով բավական ուշագրավ նրբերանգներ է պարունակում»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը երեկ հավանություն է տվել «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» անվամբ նախագծին։ Փաստաթղթի՝ Ղարաբաղի խնդրին վերաբերող մասում ԵՄ-ն հայտնելով իր մտահոգությունը հայ-ադրբեջանական բանակցություններում իրական առաջխաղացման բացակայության կապակցությամբ՝ աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաեւ եռակողմ հանդիպումների նախաձեռնությամբ հանդես եկող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական առաքելությանը։ Եվրամիությունը իր աջակցությունն է հայտնում Մադրիդյան սկզբունքներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անում ակտիվացնել ջանքերը այդ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր համաձայնեցնելու համար։ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել եւ այդպես նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը, ուստիեւ՝ Եվրամիությունը ցանկանում է իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն։ «Եթե խոսելու լինենք ըստ էության, ապա, փաստորեն, ընդգծվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահ Մեդվեդեւի գործադրած ջանքերի փաստացի անարդյունավետությունը: Միաժամանակ ասվում է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Մինսկի խմբի ջանքերին եւ մնում է «Մադրիդյան սկզբունքների» կողմնակիցը»,- ասում է Արման Մելիքյանը: Այն, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել եւ այդ նպատակով ցանկանում է իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն, ըստ մեր զրուցակցի՝ ցույց է տալիս, որ ՌԴ նախագահական ընտրությունների նախաշեմին Եվրամիությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նպատակ ունի ակտիվացնել իր մասնակցությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործին: «Այստեղ մենք պետք է հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք՝ առ այսօր Եվրամիությունը ԼՂ խնդրի վերաբերյալ իր մոտեցումները մշակում եւ փորձում էր կյանքի կոչել հիմնականում մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Ընդ որում, այդ կազմակերպություններից որոշները ֆինանսավորվում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների եւ որոշ այլ կառույցների կողմից: Այնպես որ, կարելի է պնդել, որ թեեւ Եվրամիության անդամ պետություններից Ֆրանսիան է, որ Մինսկի խմբի համանախագահության անդամ է, այնուամենայնիվ, իրականում շատ ավելի մեծ է եղել Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական ներգրավվածությունն ու ազդեցությունը, ինչն, անկասկած, իր արտացոլումն է գտել նաեւ «Մադրիդյան սկզբունքներում» եւ այդ սկզբունքների լոբբինգով զբաղվող տարբեր՝ ոչ կառավարական վերլուծական կազմակերպությունների գործունեության մեջ»,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը: ԵՄ կողմից հռչակված այս նոր մոտեցումները, մեր զրուցակցի կարծիքով, մեզ համար միաժամանակ պարունակում են թե՛ դրական միտումներ եւ թե՛ որոշակի ռիսկեր. «Դրական միտումներից մեկը ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների՝ առանց նախապայմանների ԼՂՀ մուտք գործելու պահանջն է, որի շնորհիվ պարոն Սեմնեբիի վախվորած վարքագիծը այլ եվրապաշտոնյաների համար օրինակ չի ծառայի, եւ եթե Երեւանը անհրաժեշտ խելամտություն դրսեւորի, ապա կրկին կաճի ԼՂՀ ինքնուրույնությունը արտաքին քաղաքականության ոլորտում: Բացասականն էլ այն է, որ Արցախում Եվրամիության ակտիվացումը կարող է անհանգստություն պատճառել ՌԴ-ին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա զույգը առայժմ կարողանում է կանխել Ռուսաստանի եւ ԵՄ-ի գերմանա-ֆրանսիական միջուկի վտանգավոր մերձեցումը եւ շարունակում է հաջողությամբ դուրս մղել ՌԴ-ն Արաբական աշխարհում ունեցած կարեւորագույն հենակետերից: Սա կարող է պատճառ դառնալ, որպեսզի Ռուսաստանն ավելի զիջող գտնվի Ադրբեջանի հետ ԼՂՀ շուրջ տարվող առեւտրում»:

Այս պայմաններում, Արման Մելիքյանի կարծիքով, մենք, թերեւս, խանդավառվելու հատուկ պատճառներ չունենք. «Քաղաքական առումով հայկական երկու պետությունները պետք է անհրաժեշտ շրջահայացություն դրսեւորեն օտար խաղերին զոհ չգնալու համար»:

Փաստաթղթի՝ Հայաստանին վերաբերող մասում Եվրամիությունը ընդգծում է մայիսին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական եւ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը։ Բացի նրանից, որ ԵՄ-ն ամրագրել է, թե «ուշադրությամբ հետեւելու է դրանց, նաեւ Հայաստանին հորդորում են շարունակել ժողովրդավարական բարեփոխումները՝ «ապահովել դատական համակարգի անկախությունը, խթանել քաղաքական բազմակարծությունը, ազատ մամուլի զարգացումը, երաշխավորել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները»։ Նաեւ՝ Հայաստանին հորդորում են շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ, համոզված լինելով, որ իրական առաջխաղացումն այս հարցում տնտեսական աճի եւ զարգացման հիմքն է։ Արման Մելիքյանը հատկանշական է համարում, որ ԵՄ-ն հարկ է համարել բազմակողմանի անդրադարձ կատարել ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ դրա բարելավման անհրաժեշտությանը. «Եթե հաշվի առնենք, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ՀՀ-ում պետք է տեղի ունենան թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններ, ապա կարելի է ասել, որ «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» կոչված փաստաթուղթը որոշակի քաղաքական նախադրյալներ է ստեղծում նաեւ ՀՀ ներքին գործընթացներին միջամտելու եւ, օրինակ, ՀՀ իշխանությունների հետ Ազգային ժողովի ապագա կազմի վերաբերյալ առեւտուր տանելու համար»: Սա մեր զրուցակիցը միանգամայն հնարավոր է համարում, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ամեն դեպքում ՀՀ համապետական ընտրությունները, միեւնույն է, քվոտավորված են լինելու գործող իշխանությունների կողմից, ու դա հասկանում են քիչ թե շատ իրատես շրջանակները. «Ե՛վ ներսում, ե՛ւ դրսում այս հարցում լռելյայն փոխըմբռնում կա ընտրություններին իրենց մասնակցության մասին հայտարարած քաղաքական ուժերի միջեւ: Այլ խնդիր է, որ տարբեր քաղաքական ուժերին խորհրդարանում հասանելիք տեղերի քանակը սակարկելի է, եւ, կարծում եմ, ԵՄ-ն եւս, ի թիվս այլ արտաքին ուժերի, կձգտի մասնակցել տեղերի բաշխման գործընթացին: Ամեն ինչ մեր շուրջն այնքան արագ է զարգանում եւ փոփոխվում, որ մեկ տարի անց խորհրդարանի անգամ 7 հոգանոց խմբակցությունը ի զորու կարող է լինել արտաքին աջակցությամբ «անակնկալներ» մատուցել մեր հասարակությանը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031