Լրահոս
Օրվա լրահոսը

Մթնոլորտը փոխվել է

Մարտ 01,2012 13:08

Այսօր մարտի 1-ն է, որը այլ՝ սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան առաջին օր, սակայն մեր՝ հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սեւ էջ: Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են՝ հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը միաձայն պնդեն, թե այդ էջը շրջված է: Ցուցարարների եւ ուժայինների բախումներ տեղի են ունենում գրեթե բոլոր երկրներում (լինում են նաեւ զոհեր), բայց զարգացած պետություններում, երբ իրավիճակը հանդարտվում է, կատարվում է քննություն, որի արդյունքում պարզվում է, թե որ քաղաքացին ինչի հետեւանքով է սպանվել, իրավաչա՞փ էին ուժայինների գործողությունները, թե՞ ոչ: Ոչ մի լրագրող, հրապարակախոս կամ քաղաքական գործիչ իրավասու չէ տալ այդ հարցի վերջնական պատասխանը՝ դա դատարանի խնդիրն է: Բայց մեզ մոտ նման դատավարություններ չեն եղել: Փոխարենը եղել են այլ դատավարություններ, որոնց արդյունքում պատժվել են, այսպես ասած, «անկարգությունների սադրիչները»: Սակայն պարզել, թե ով ինչ է սադրել, շատ ավելի բարդ է, քան քննել, թե ով ում է սպանել: Ես, օրինակ, հակված եմ մտածելու, որ պաշտոնական քարոզչությունը, «պատասխանատու» հեռուստաընկերությունները մինչեւ մարտի 1-ը նպաստել են անհանդուրժողականությանն ու փոխադարձ ատելությանը նույնքան, եթե ոչ ավելի շատ, քան ընդդիմությունը: Եվ երբ ընտրություններից հետո Ազատության հրապարակում սկսվեցին ընդդիմության խաղաղ ցույցերը, դարձյալ մինչեւ մարտի 1-ը, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ սպառնում էր ընդդիմադիրներին դատերով եւ բանտերով, ինչը, համաձայնեք, նույնպես չէր նպաստում իրավիճակի լիցքաթափմանը: Այնպես որ՝ սադրելու հարցը ավելի շուտ քաղաքական է, քան իրավական:

Հենց այս՝ իրավական առումով «մարտի 1-ի» ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա, եւ այդ մեղքը ժառանգելու է ցանկացած նոր իշխանություն՝ այնքան ժամանակ, մինչեւ որ մարդասպանները չկանգնեն դատարանի առաջ: Ինչ մնում է սադրանքներին, անկարգություններին, թշնամանք հրահրելուն եւ այլն, այսինքն՝ քաղաքական, բարոյական խնդիրներին, ապա պատասխանատվությունն այստեղ 50/50 է. թե՛ նրանց, ում դրոշին գրված է «ով մեզ հետ չէ, նա տականք է» բոլշեւիկյան կարգախոսը, թե՛ նրանց, ովքեր իրենց հեռուստաալիքներով ամիսներ շարունակ մաղձ էին թափում ընդդիմության վրա:

Դժվար չէ նկատել, որ այս՝ դարձյալ նախընտրական վիճակում մթնոլորտն էապես տարբեր է, եւ դա բոլոր քաղաքական ուժերի շնորհքն է: Չեմ ուզում չափից դուրս լավատես լինել, բայց կարծում եմ, որ 2012-13 թվականներին «մարտի 1» չի լինելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031