Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշոր հրդեհ» «Անի» հյուրանոցում. փրկարարները ժամանակին տարհանել են ներսում գտնվողներին (ֆոտոշարք)

Մարտ 01,2012 12:50

Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության ողջ անձնակազմն սկսել է ուսումնավարժությունների շարք։ Առաջին ուսումնավարժությունն սկսվել է «Անի պլազա» հյուրանոցային համալիրից։

Ինչպես ուսումնավարժության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ–ի ճգնաժային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Անի» հյուրանոցում խոշոր հրդեհ է առաջացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Կարճ ժամանակում հրշեջ–փրկարարները ժամանում են հրդեհի վայր և սկսում փրկարարական աշխատանքներ կատարել։ Այդ ընթացքում ժամանում են նաև 1-03 ծառայության և ճանապարհային ոստիկանության խմբերը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի և ճոպանների միջոցով հյուրանցից դուրս են բերում վիրավոր քաղաքացիներին, ովքեր ոչ միայն ստանում են առաջին բուժօգնություն բժշկական անձնակազմի կողմից, այլ նաև ավելի լուրջ վնասվածքներ ստացածները տեղափոխվում են հիվանդանոցներ։

Ուսումնավարժության վայրում են գտնվում Երևանի ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմը՝ Երևանի ՃՈ պետ Եղիշ Ենգիբարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության անձնակազմը՝ վարչության պետ Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության պարամետիկների խումբը, ԱԻՆ–ից մեծ թվով փրկարարներ, ինչպես նաև հրդեհաշիջման շտաբի անձնակազմը։ Քանի որ, հնարավոր է՝ հյուրանոցում բնակվելիս լինեն նաև արտասահմանյան երկրների քաղաքացիներ, դեպքի վայր է ժամանել նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ Ուսումնավարժությունն ավարտվեց բարեհաջող, և այս ողջ աշխատանքը ղեկավարում էր Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։

Ցուցադրման վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում կես–կատակ, կես–լուրջ պատմում էին՝ «Այ ախպեր, որ սենց փորձանքների մեջ ընկնենք, ապահով կլնենք. ժամանակին փրկարարները մեզ կհասցնեն բժիշկներին։ Տա՛ Աստված, որ նման դեպքեր չլինեն»։

Ի դեպ, ուսումնավարժություններն այսօր շարունակվելու են «Սլավոնական» համալսարանում և «Շանթ» հեռուստաընկերությունում, իսկ այսօր և վաղը Երևանի վարչական շրջաններում 40-ից ավելի նման բնույթի միջոցառումներ են կատարվելու։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել