Խորհրդարանն այսօր 67 կողմ եւ 1 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը: Խորհրդարանական ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը: ԱԺ մեծամասնության որոշ պատգամավորներ քվեարկությունից անմիջապես հետո դուրս եկան դահլիճից՝ հնարավորություն չընձեռելով վերահսկել, թե ով ում փոխարեն է քվեարկել:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, երեկ հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախաձեռնությանը: Պատգամավորը նկատել էր, որ բանակը ոչ մի պարագայում չպետք է օգտագործվի օրինագծում նշված խնդիրների կարգավորման նպատակով, քանի որ դրանց կարգավորման համար բավարար են ոստիկանության եւ ներքին անվտանգության զորքերի ուժերը: ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը օրինագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է այս տեսքով փաթեթի ընդունմանը, քանի որ կարծում է, որ այն լուրջ լրամշակման կարիք ունի: