Այսօր վաղ առավոտից Aravot.am-ը դժգոհություններ է լսում Գյումրիից դեպի մայրաքաղաք մեկնող ուղևորներից առ այն, որ ավտոկայանի տնօրինությունը դարձյալ կաթվածահար է արել տրանսպորտի աշխատանքները: Այս անգամ Երևան չեն ուղևորվում ոչ միայն միկրոավտոբուսները, այլև տաքսիները: Ցրտից մրսած ուղևորների դժգոհելով, իրենց պատճառաբանել են, որ փակ է ճանապարհի Բազմաբերդ հատվածը, հետևաբար և մտահոգված ուղևորների անվտանգությամբ` տրանսպորտ չեն ուղարկում:
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տրասնպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանից հետաքրքրվեց, թե գարնան առաջին օրը կա՞ արդյոք փակ ճանապարհ:Վերջինս փոխանցեց, որ ձնաբուքի պատճառով դժվարանցանելի է Սառնաղբյուրից Լանջիկ ճանապարհատվածը, տեսանելիությունը վատ է նաև Թալինի հատվածում: Մի՞թե այնքան վատ է, որ տրանսպորտի աշխատանքները պարալիզացվում են, մեր այս հարցին պաշտոնյան պատասխանեց. «Դա սպասարկող կազմակերպությունից հարցրեք հա, դա մեր ֆունկցիան չէ»: Մենք Խաչատուր Խնձրցյանին խնդրեցինք հիշեցնել գոնե մի դեպք, երբ այս չորս ամսվա ընթացքում ձմռան բքի պատճառով դադարեցված լինի Գյումրի-Երևան տրանսպորտի աշխատանքը: Մարզպետարանի պաշտոնյան կարճ կապեց` տեղեկացնելով, որ այդ ճանապարհի սպասարկումը իրենց գործառույթների մեջ չի մտնում:
Հիշեցնենք, որ Գյումրի-Երևան տրանսպորտը սպասարկող «Տրանս ակնթարթ» կազմակերպությունը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, և բազմաթիվ հրապարակումներով իշխանությունների նախազգուշացրել ենք, որ ՀԱԿ հանրահավաքների օրերին միտինգավորները Երևան են մեկնում ոչ թե Գյումրու ավտոկայանից, այլ իրենց գրասենյակների դռներից ` հատուկ գազելներով: Այնպես որ, այս դեպքում տուժում են միայն հրատապ գործերով մայրաքաղաք մեկնող քաղաքացիները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ